Երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշները բարելավվել են
Advertisement 1000 x 90

Երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշները բարելավվել են

Հայաստանում երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշները նկատելի բարելավվել են:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ աճը կազմել է 1,9 տոկոս: Եթե նախկինում երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշը կազմում էր 89 տոկոս, ապա այսօր շուրջ 91 տոկոս է: Գայանե Սահակյանը սա լուրջ հաջողություն է համարում:

«Համավարակի ժամանակ մի շարք երկրներ դադարեցրել էին պլանային պատվաստումները: Կորոնովիրուսով պայմանավորված վերջին տարիներին իրավիճակը, իրոք, բարդ էր, կար մտավախություն, որ ծնողները կխուսափեին երեխաներին պլանային պատվաստումների բերելուց, սակայն մենք կարողացանք վերակազմակերպել մեր աշխատանքը և չդադարեցնել ընթացիկ պատվաստումների գործընթացը: Արդյունքում՝ ունենք այսպիսի լավ պատկեր»,-ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը նշեց, որ բազմիցս ապացուցվել է պատվաստումների արդյունավետությունը: Այսօր արդեն ոչ ոք բնական ծաղկի մասին չի հիշում, աշխարհի մեծ թվով երկրներում պոլիոմելիտ այլևս չի գրանցվում, դիֆտերիան դարձել է վերացված հիվանդություն, իսկ կար ժամանակ, երբ նույն դիֆտերիայից մեծ թվով մահվան դեպքեր էին գրանցվում: Հայաստանում պատվաստումների արդյունքում չկա կարմրուկ, կարմրախտ, միայն շատ քիչ բերովի դեպքեր են լինում, որոնք տարածում չեն գտնում:

«Հայաստանում անցկացնում ենք իմունականխարգելման շաբաթ, որը լավ առիթ է մեկ անգամ ևս մեր բնակչությանն իրազեկելու, խոսելու պատվաստումների կարևորության մասին: Մենք նախատեսում ենք մանկական պատվաստումների հաջողությունները տարածել նաև մեծահասակների վրա: Մասնավորապես, դիգտերիայի, փայտացման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գծով: Մեծահասակաների շրջանում պատվաստումների ցուցանիշներն այս ուղղություններով ոգևորիչ չեն»,-ասաց Գայանե Սահակյանը:

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման գործընթացի ղեկավար Անահիտ Պիվազյանը, որը մասնագիտացած է մանկաբուժության գծով, նշեց, որ հետևողական աշխատանք են տանում պատվաստվելու ենթակա երեխաների ծնողների հետ:

«Առաջնային օղակի դերն այս հարցում շատ կարևոր է, որ մասնագետները կարողանան ճիշտ, փաստագրված տեղ հասցնել այն, որ առողջապահության կարևորագույն գործիքը պատվաստումներն են: Չէ որ այս պատվաստումներով մենք կանխարգելում ենք բազմաթիվ հիվանդություններ»,-ասաց Անահիտ Պիվազյանը:

Նրա խոսքով, հիմնականում ծնողները տեղեկացված են, կարդացած և դեմ չեն պատվաստումներին: Կան կասկածամիտ ծնողներ, որոնց հետ բժիշկների կողմից իրազեկման աշխատանքներ տանելուց հետո մոտեցումները փոխվում են:

«Կան նաև ծնողներ, որոնք կտրականապես դեմ են և չեն էլ ցանկանում լսել: Տպավորություն է կարծես պատի հետ ենք խոսում: Միևնույն է, մենք շարունակում ենք աշխատել և փաստագրված ներկայացնել պատվաստումների արդյունավետությունը և դրանց բացակայության պայմաններում հնարավոր վտանգները»,-ասաց Անահիտ Պիվազյանը: