Եթե մայրը հիվանդ ժամանակ տորթեր, շոկոլադներ կամ այլ ուտելիքներ է ցանկանում, երբ իրեն վատ է զգում, ապա նրա երեխաները կարող են էմոցիոնալ ուտողներ դառնալ:
Երեխաների՝ էմոցիոնալ ուտողներ դառնալու հնարավորությունները որոշվում են ինչպես չափից շատ ուտելու նրանց բնական հակումներով, այնպես էլ ծնողների ազդեցությամբ, ասվում է բրիտանական նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում;
Հուզակամ սննդընդունումն ուտելիքներին տուրք տալն է, երբ դուք տխուր կամ անհանգիստ եք զգում, այլ ոչ թե՝ այն պատճառով, որ սոված եք:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ավելի մոտիվացված էին սննդընդունման հարցում, ավելի հավանական է, որ սնունդը կապեն հույզերի հետ»,- պատմել է հետազոտության համահեղինակ, Բիրմինգհեմի Ասթոնի համալսարանի ասպիրանտ Ռեբեկա Սթոունը:
Հետազոտության ընթացքում գիտնականները 3-5 տարեկան երեխաների 185 բրիտանացի մայրերի հարցրել են իրենց եւ երեխաների ուտելու սովորությունների մասին, գրում է HealthDay-ը:
Հարցերի թվում էր այն, թե որքան հաճախ են մայրերը եւ նրանց երեխաներն ուտում հույզերին ի պատասխան, որքանով են երեխաները մոտիվացված ուտելիքով, սնվում կամ սնունդ խդրում օրվա ընթացքում:
Մայրերին նաեւ հարցրել են՝ արդյոք նրանք օգտագործում են սնունդն իրենց երեխաներին լավ վարքագծի դիմաց պարգեւատրելու համար, թե՞ սահմանափակում են իրենց երեխաների հասանելիությունը որոշակի սննդամթերքի, տանը որոշակի ուտելիքներ ունեն, բայց արգելում են նրանց ուտել: Այդ երկու պրակտիկաներն էլ մեծացնում են երեխաների հետաքրքրությունը սննդի նկատմամբ եւ կապված են երեխաների մոտ ավելի զգացմունքային սննդընդունման հետ, նշում են հետազոտողները:
Հետազոտության համաձայն՝ երեխաները, ովքեր մեծապես ոգեւորված էին սննդից, ավելի հաճախ են իրենց մայրերից փոխառել հուզական սննդընդունման պրակտիկան:
Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիայի տվյալներով՝ հանգստանալու համար սնունդ օգտագործելու խնդիրը կայանում է նրանում, որ դա կարող է շատակերության հանգեցնել:
Հետազոտության համահեղինակ, Ասթոնի համալսարանի հոգեբանության դպրոցի պրոֆեսոր Քլեր Ֆերոուն ասում է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների մոտ ուտելու վարքագծի ձեւավորումը շատ բարդ է, եւ որ հուզական սննդընդունումը, ըստ երեւույթին, մասամբ ձեւավորվում է ուտելիքի բնածին ձգտմամբ:
«Այդ տվյալները ցույց են տալիս, որ նորածիններին կերակրելու հարցում «մեկ մոտեցումը» միշտ չէ, որ տեղին է, եւ որ որոշ նորածիններ ավելի շատ են ենթակա վարքային ազդեցություններին, որոնք կարող են հուզական սննդընդունման հանգեցնել»,- ասել է Ֆերոուն: Հետազոտողների կարծիքով՝ չուտելն այդ երեխաների համար լուծում չէ։
Հետազոտության արդյունքները նաեւ հուշում են, որ «սահմանափակ սնունդը երեխաների համար, ովքեր արդեն իսկ ավելի մոտիվացված են սննդով, որպես կանոն, հակառակ արդյունքի է հանգեցնում եւ երեխաների մոտ ավելի սահմանափակ սննդի նկատմամբ ավելի մեծ ձգտում է առաջացնում»: