Վաղահաս ձմերուկի չափից շատ օգտագործումը կարող է առաջ բերել թունավորում եւ քրոնիկական հիվանդությունների սրացում, Москва 24-ին ասել է սննդաբան-բժիշկ, Սննդաբանների եւ նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։
Մասնագետի խոսքով՝ սեզոնից շուտ վաճառվող ձմերուկները կարող են պարունակել մեծ քանակությամբ նիտրատներ։ Դրանք օգտագործում են պտուղների հասունացումն արագացնելու համար։ Եթե վաղահաս ձմերուկ ուտեք մեկ անգամ եւ ոչ մեծ քանակությամբ, դա խնդիրներ չի առաջացնի, քանի որ օրգանիզմը կկարողանա հաղթահարել թունավոր նյութերի ազդեցությունը, նշել է սննդաբանը։
Ընդ որում՝ նրա խոսքով, պտղի չարաշահումը կարող է հանգեցնել թունավորման, նախազգուշացրել է բժիշկը։
«Կարող են խախտումներ առաջանալ մարսողական համակարգում՝ սրտխառնոց, փսխում, ցավի զգացողություն ստամոքսի շրջանում… Հակում ունեցող մարդկանց մոտ կարող է սրանալ քրոնիկական հիվանդությունը, եթե այն արդեն կա, կարող են սրվել նաեւ մարսողական տրակտի հիվանդությունները։ Եթե դրանք ինչ-որ բորբոքային հիվանդություններ են, ապա ընդհանուր առմամբ դվաղահաս ձմերուկ ուտելը նույնպես կարող է նպաստել դրանց սրացմանը»,- բացատրել է Կրուգլովան։
Մասնագետը խորհուրդ չի տալիս, որ վաղահաս ձմերուկ ուտեն երեխաները, ալերգիկ հիվանդություններ եւ ցածր իմունիտետ ունեցող մարդիկ, օրինակ՝ քիմիաթերապիայի ժամանակ։
«Այս մարդկանց մոտ թունավորումն ավելի վառ արտահայտվածություն կունենա։ Նրանք կթունավորվեն վաղահաս ձմերուկի ավելի քիչ քանակությունից»,- ասել է սննդաբանը։ Մեծահասակ առողջ մարդուն ձմերուկի 100-150 գրամը չի վնասի, կարծում է բժիշկը։ Բայց ավելի լավ է պտուղն օգտագործել սեզոնին։ Լավագույն ժամանակ է համարվում օգոստոսի վերջ – սեպտեմբերը, ասել է Կրուգլովան։
Միշտ չէ, որ պտուղը հասունանում է նիտրատների հաշվին։ Կարող է եւ այնպես լինել, որ ձմերուկն աճեցվի ջերմոցում, այնպիսի պայմաններում, որոնք ավելի նպաստավոր են ժամանակից շուտ հասունանալու համար, քան սովորական պայմաններում։