Քաղցրի մասին ո՞ր առասպելները պետք է ցրել
Advertisement 1000 x 90

Քաղցրի մասին ո՞ր առասպելները պետք է ցրել

Որոշ քաղցրակերներ կյանքն առանց շաքարի չեն պատկերացնում։ Բժիշկները, սակայն, խորհուրդ են տալիս նվազեցնել դրա քանակությունը սննդաբաժնում, քանի որ այն դառնում է վաղաժամ ծերանալու պատճառ, հանգեցնում սիրտ-անոթային պաթոլոգիաների, բարդացնում առկա հիվանդությունները։ Բժիշկ-էնդոկրինոլոգ Նատալյա Տկալիչը «Аргументы и факты»-ի հարցազրույցում ցրել է քաղցրի մասին տարածված առասպելները։

Առասպել առաջին. միայն մաքուր շաքարը կարող է լրացնել պաշարներն օրգանիզմում

«Շաքարը կամ գլյուկոզան ածխաջուր է, հետեւաբար, այն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար եւ պետք է լինի մարդու սննդաբաժնում։ Իհարկե, բնավ պարտադիր չէ, որ գլյուկոզան օրգանիզմ մատակարարվի մաքուր շաքարի ձեւով»,- ասել է նա։

Առասպել երկրորդ. շաքար հասկացությունը մեկն է

«Շաքարները կարող են տարբերվել իրենց հատկություններով։ Եթե գլյուկոզան օրգանիզմն ապահովում է էներգիայով, ապա ֆրուկտոզան, օրինակ, նման գործառույթ չունի։ Դրա չափից շատ քանակությունը սինթեզվում է ճարպերի, ինչն, իր հերթին, նպաստում է ճարպակալման եւ ինսուլինից կախվածության առաջացմանը, իսկ դա դիաբետ ձեռք բերելու առաջին քայլն է։ Բայց դա վերաբերում է ոչ թե մրգերում պարունակվող ֆրուկտոզային, այլ արդյունաբերական ճանապարհով արտադրվածին»,- նշել է էնդոկրինոլոգը։

Առասպել երրորդ. շաքարը ոչ մի ազդեցություն չի ունենում շաքարային դիաբետի առաջացման վրա. պատճառը նյարդերն են

«Հենց նման շաքարների կայուն չարաշահումն է՝ ֆիզիկական ցածր ակտիվության, սննդաբաժնի ընդհանուր բարձր կալորիականության, ինչպես նաեւ գենետիկ գործոնի հետ համադրված, հանգեցնում ամբողջ աշխարհում ճարպակալում եւ դիաբետ ունեցող հիվանդների կտրուկ աճին»,- ընդգծել է մասնագետը։

Առասպել չորրորդ. ես այնքան էլ շատ շաքար չեմ ուտում, միայն մեկ գդալ թեյի մեջ

Շատերը կարծում են, թե այնքան շաքար են օգտագործում, որքան գդալ դրել են թեյի լամ սուրճի մեջ, նշել է էնդոկրինոլոգը։ Բայց այդպես չէ. շաքարը՝ որպես աշխաջուր, պարունակվում է գրեթե բոլոր սննդամթերքներում՝ հատապտուղներից մինչեւ հաց։

Առասպել հինգերորդ. շաքարից կարելի է հեշտությամբ հրաժարվել, այն դրա հետ կապված սովորություն չի առաջացնում

Քաղցրեղեններն իրենց հետ կապված սովորություն առաջացնում են որպես հաճելի հույզերի աղբյուրի։ Հաճախ այդ սովորությունը գալիս է մանկուց եւ իսկապես կարող է կախվածություն առաջացնել։ Սակայն առասպելներն այն մասին, թե շաքարը կարող է երեխաների մոտ հիպերգրգռվածություն, իսկ մեծահասակների մոտ ժամանակից շուտ կնճիռներ առաջացնել՝ հիմնավորված չեն։

style.news.am