Կայուն գել-լաքը ամուր մտել է գրեթե յուրաքանչյուր կնոջ կյանք՝ դիմացկուն է, հարմարավետ: Այն չի փչանում կենցաղային քիմիայի եւ մեխանիկական ազդեցություններից։ Բայց անվտա՞նգ է արդյոք դա:
Մատնահարդարման եւ ոտնահարդարման վարպետ, ոտնաթաթի փորձագետ, ոտնաբույժ, պեդիկյուրի մրցույթների ուսուցիչ եւ դատավոր Ալինա Պոպովան ասել է, որ ուշադիր բժիշկը միշտ նայում է պացիենտի եղունգները, գրում է «Аргументы и факты»-ն։
Փորձառու էնդոկրինոլոգները օստեոպորոզի կասկածի դեպքում անպայման խնդրում են պացիենտին ցույց տալ ձեռքերը: Եթե եղունգները բարակ են, շերտավոր, փխրուն, ապա ոսկորները նույնպես փխրուն կլինեն։ Եղունգների վրա սպիտակ բծի բացակայության կամ փոքրացման դեպքում, կամ եղունգների գույնի ու կառուցվածքի փոփոխության դեպքում կարելի է ենթադրել վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խախտում։ Եթե եղունգները կապտավուն են կամ ուռուցիկ, հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ, հաստացած են՝ թոքերի կամ բրոնխների հետ կապված խնդիրներ: Հանկարծ կապտած կամ սպիտակած եղունգներից բժիշկը կարող է հասկանալ, որ պացիենտի մոտ նվազեել է թթվածնով արյան հագեցվածությունը։ Սպիտակ բծերը հանքային նյութերի դեֆիցիտի կամ, ընդհակառակը, կալցիումի ավելցուկի նստվածքի նշան են: Իսկ գել-լաքի զրահի տակ կարեւոր տեղեկատվությունը չի երեւում։
Միաժամանակ փորձագետը նշում է, որ խոսքը միայն ախտորոշման մասին չէ։ Դիմացկուն ծածկույթը կարող է վնասել եղունգները: Եթե վարպետը չափից շատ հիմք է քսել գել-լաքի տակ, ապա եղունգի ծավալը զգալիորեն կմեծանա, եւ դա չորացման ժամանակ ջերմային այրվածք ստանալու վտանգ կառաջացնի։ Գել-լաքի տակ գերաճած եղունգը կարող է կոտրվել:
Նաեւ շաքարային դիաբետով մարդիկ չպետք է գել-լաք քսեն իրենց եղունգներին (հատկապես ոտքերին), քանի որ ցանկացած վնասվածք նրանց մոտ վատ է ապաքինվում եւ կարող է նույնիսկ գանգրենայի զարգացման հանգեցնել:
Միաժամանակ, մասնագետը խորհուրդ է տվել չուռճացնել գել-լաքի վնասները։
Այս կապակցությամբ նա մի քանի առաջարկություն է արել՝ չդիմել պատահական մասնագետների, չկրել հաստ ծածկույթը սահմանված ժամկետից երկար (գել-լաքը պետք է կրել 2 շաբաթ ձեռքերին, 3 շաբաթ՝ ոտքերին), զննել եղունգները յուրաքանչյուր մատնահարդարման (պեդիկյուրի) ժամանակ, պարբերաբար թողնել, որ ձեռքերը (ոտքերը) հանգստանան, մատնահարդարումից հետո առաջին օրերին խուսափել երկար լոգանք ընդունելուց եւ եղունգներին յուղեր ու քսուքներ չքսել: