Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին պատմել է գլխավոր սխալների մասին, որոնք կատարում են մայրերի մեծ մասը: Չնայած՝ ոչ: Կարծես թե, այդպես անում են գրեթե բոլորը: Տվյալ նյութում կքննարկվեն այն 10 հիմնական սխալները, որոնք կատարում են ծնողներն իրենց դուստրերի հետ շփվելիս:
Մոր և դստեր հարաբերությունները յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևորներից մեկն են: Այն, թե ինչպես է մայրն իրեն պահում դստեր հետ վաղ մանկությունում և հասունանալու հետագա ժամանակահատվածում, ազդեցություն է ունենում նրա հետագա ճակատագրի վրա: Ծնողների դերը երեխաների դաստիարակության մեջ հիվանդագին թեմա է շատերի համար, և դա զարմանալի չէ:
- Անձնական օրինակի բացակայություն
Դստերը «Դու պետք է սովորես պատրաստել» ասելու տեղ՝ պետք է ասել. «Արի միասին համեղ ապուր պատրաստենք»: Եվ անել դա: Երբ աղջիկը տեսնում է, որ մայրիկը հաճույք է ստանում ինչ-որ մի գործողությունից, նա նույնպես ցանկանում է դա սովորել:
- Դատապարտող վերաբերմունք սեքսի նկատմամբ
Եթե փոքր հասակից աղջկան ներշնչում են դատապարտող վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ, որ «նրանց մտքին միայն մեկ բան է», նա մեծանում է այն զգացումով, որ բոլոր տղամարդիկ բռնացողներ են, իսկ սեքսը՝ զզվելի:
- Պարադոքսալ հակասություն
Կարծես թե սեքսը կեղտոտ գործ է, բայց յուրաքանչյուր աղջիկ պետք է ամուսնանա և երեխա ունենա, և անել դա ցանկալի է մինչև 25 տարեկանը: Այսպիսի հակասական դրույթների արդյունքը վախն է յուրաքանչյուր հարաբերության նկատմամբ:
- Հիպերխնամակալություն
Եթե մանուկ հասակում մայրը չափից ավելի է հոգ տանում աղջկա մասին, ապա երեխան մեծանում է՝ որպես առանց սեփական կարծիք ունեցող անձնավորություն, ում առանց պրոբլեմի կարող են մանիպուլյացիայի ենթարկել:
- Հոր բացասական կերպարը
Եթե աղջկան պատմում են, որ հայրը «այծ է», աղջիկն իրեն մեղավոր է զգում այն բանում, որ հենց այդ մարդն է դարձել իր հայրը: Մեղքի այդ զգացումից կինը չի կարողանում գլուխ հանել հետագա ամբողջ կյանքի ընթացքում:
- Ֆիզիկական բռնություն
Մարմնական պատիժներն ավելի են նվաստացնում աղջիկներին, քան տղաներին: Եթե աղջկան խփում են, նա մեծանում է զոհի զգացումով և իր համար որպես զուգընկեր է ընտրում ագրեսիվ մարդկանց:
- Ոչ բավարար գովասանք
Եթե աղջկան բավարար չեն գովաբանում, նա մեծանում է՝ առանց իր նկատմամբ սիրո, և հարաբերություններում չի կարող լինել լիարժեք զուգընկեր:
- Վեճեր երեխաների ներկայությամբ
Վեճերը երեխաների ներկայությամբ հարված են նրանց հոգեկան առողջությանը: Պետք չէ մոռանալ, որ երեխան հաճախ իր վրա է վերցնում պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվում է ընտանիքում:
- Շփման բացակայություն
Եթե աղջկա հետ քիչ են շփվում, չեն պատասխանում նրա հիմար հարցերին, հատկապես դեռատի տարիքում, նա կորցնում է շփումը ծնողների հետ և իրեն լքված է զգում:
- Կյանքի ոչ ճիշտ դիրքորոշում
Չի կարելի աղջկան ասել, որ իր կյանքը պետք է ընդգրկի պարտադիր ինչ-որ կետեր. ամուսնություն, երեխաներ, նիհարել, որոշակի աշխատանք: Պետք է երեխային ներշնչել, որ ինքն իրավունք ունի զբաղվել նրանով, ինչով ուզում է: Միայն այդ դեպքում կմեծանա ինքնավստահ և երջանիկ կին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը