Ցավազրկումը առողջապահության ժամանակակից համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է։ ԱՄՆ մեծահասակ բնակչության մոտ 60 տոկոսը տեղեկացրել է, որ ցավ է զգացել վերջին երեք ամսում, եւ ցավը բժշկական օգնության դիմելու հիմնական պատճառներից մեկն է։ Ճիշտ ցավազրկումն ունի վճռական նշանակություն պացիենտների առողջության եւ բարեկեցության համար։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, ցույց է տվել, որ բժիշկներն ավելի քիչ ցավազրկող դեղամիջոցներ են նշանակում գիշերվա հերթափոխի ժամանակ, քան ցերեկայինի։
Հետազոտության առաջին մասում 67 բժշկի առավոտյան հանձնարարել են գնահատել իրենց զգացումները եւ խնդրել են լրացնել պացիենտների ցավի գնահատման աղյուսակ։ Այդ բժիշկները կամ ավարտում էին 26-ժամյա հերթափոխը, կամ նոր էին սկսում իրենց աշխատանքային օրը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ գիշերային հերթափոխը նոր ավարտած բժիշկներն ավելի քիչ էին հակված պացիենտի ցավը մեղմելուն։ Օրինակ, այդ բժիշկներն ավելի քիչ հուզական արձագանք էին տալիս ցավ զգացող մարդկանց եւ մշտապես ցածր միավորներ էին նշանակում իրենց պացիենտներին ցավի գնահատման աղյուսակներում։
Հետազոտության երկրորդ մասում գիտնականներն ուսումնասիրել են փաստացի բժշկական որոշումները, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի շտապօգնության բաժանմունքների բժիշկների կողմից։ Նրանք ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 13 482 թերթիկներ այն պացիենտների համար, որոնք հիվանդանոցում են եղել 2013-2020թթ.՝ հիմնականում ցավից (գլխացավ, մեջքի ցավ եւ այլն) դժգոհելու պատճառով։
Տվյալներից պարզվել է, որ բժիշկները 20-30 տոկոսով ավելի հազվադեպ են ցավազրկող նշանակել գիշերային հերթափոխի (ցերեկայինի համեմատ) ժամանակ եւ ավելի քիչ ցավազրկողներ են նշանակել, քան սովորաբար խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
«Նրանք հոգնում են, դրա համար էլ ավելի քիչ են ապրում պացիենտների ցավով։ Երբ մենք ուսումնասիրեցինք շտապօգնության բժիշկների դուրս գրած թերթիկները, հայտնաբերեցինք, որ նրանք ավելի քիչ են ցավազրկողներ նշանակել»,- նշել են հետազոտողները։