Ամռանը գլխացավերի մեծ մասը պայմանավորված են լինում հեղուկի պակասով ու ջրազրկմամբ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը՝ բացատրելով, որ շոգ եղանակին քրտնարտադրությունն արագանում է և շատերը չեն հասցնում լրացնել հեղուկի դեֆիցիտը, ինչն էլ դառնում է գլխացավի պատճառ։
«Ես շատ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ամռանը գլխացավերի 90 տոկոսը պայմանավորված է լինում նրանով, որ մարդը քիչ հեղուկ է խմում», – նշել է նա։
Ջրի պակասը նպաստում է գլխուղեղին արյան մատակարարման գործընթացի վատթարացմանը, ինչի հետևանքով էլ գլխացավ է առաջանում։ Նման տհաճ խնդրից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել օրական 2-2․5 լիտր ջուր խմել։
Միևնույն ժամանակ նյարդաբանը նախազգուշացրել է նաև, որ սրտի կամ երիկամների հիվանդությունների դեպքում ջրի նման քանակության գործածությունը հակացուցված է, քանի որ կարող է առողջության համար վտանգավոր լինել։