Իսրայելցի գիտնականներն ստեղծել են ուղեղի ուսումնասիրման նոր մեթոդ
Advertisement 1000 x 90

Իսրայելցի գիտնականներն ստեղծել են ուղեղի ուսումնասիրման նոր մեթոդ

Պարկինսոնի հիվանդությունը գլխուղեղի հյուծող եւ խորացող հիվանդություն է, որն ի վերջո խախտում է պացիենտների քայլելու եւ անգամ խոսելու կարողությունը։ Դրա ախտորոշումը դժվար է, իսկ վաղ փուլերում՝ անհնար։

Ուղեղի կառույցի վիզուալացման սովորական մեթոդը օգտագործում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։ Բայց այն բավականաչափ զգայուն չէ, որպեսզի բացահայտի կենսաբանական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների ուղեղում, եւ ներկայում օգտագործվում է հիմնականում միայն այլ հնարավոր ախտորոշումները բացառելու համար։

Երուսաղեմի Հրեական համալսարանի հետազոտողները՝ պրոֆեսոր Ավիվ Մեզերի ղեկավարությամբ, հասկացել են, որ Պարկինսոնի հիվանդության ժամանակ  բջջային փոփոխությունները կարելի է պարզել՝ ադապտացնելով այն մեթոդաբանությունը, որը հայտնի է որպես քանակական ՄՌՏ (qMRI)։ Նրանց մեթոդը թույլ է տվել ուսումնասիրել ուղեղի խորքի միկրոկառույցները, որը հայտնի է որպես ստրիատում՝ օրգան, որը, ինչպես հայտնի է, խախտվում է խորացող Պարկինսոնի հիվանդության ժամանակ։ Վերլուծության նոր մեթոդի օգնությամբ հստակ պարզվել են ստրիատումի բջջային հյուսվածքի կենսաբանական փոփոխությունները։ Ավելին, նրանք կարողացել են ցուցադրել, որ այդ փոփոխություները կապված են Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի եւ պացիենտների շարժողական դիսֆունկցիայի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

qMRI-ի զգայունակությունը ձեռք է բերվում մի քանի ՄՌՏ-պատկերների օգնությամբ՝ գրգռման տարբեր էներգիաների օգտագործմամբ, մոտավորապես ինչպես տարբեր լուսավորությամբ միեւնույն լուսանկարի դեպքում։ Հետազոտողները կարողացել են qMRI-ի վերլուծության օգնությամբ պարզել հյուսվածքների փոփոխությունները ստրիատումի առանձին մասերում։ Այդ չափումների կառուցվածքային զգայունակությունն ավելի վաղ, կարող էր ձեռք բերվել միայն այն լաբորատորիաներում, որոնք հետազոտում են պացիենտների ուղեղի բջիջները մահվանից հետո։

Նոր ինֆորմացիան կհեշտացնի հիվանդության վաղ ախտորոշումը եւ «մարքերներ» կտրամադրի ապագա դեղորայքային թերապիաների արդյունավետության մոնիթորինգի համար, նշել են գիտնականները։

news.am