Ցրված սկլերոզը (ՑՍ)՝ գլխուղեղի եւ ողնուղեղի քրոնիկական նյարդաբանական հիվանդություն, ամենատարածված նյարդաբանական հիվանդությունն է երիտասարդների շրջանում, գրում է Medical Xpress-ը:
ՑՍ-ի պատճառը հայտնի չէ: Այնուամենայնիվ, մասնագետները գիտեն, որ ինչ-որ բան ստիպում է իմունային համակարգին գրոհել ուղեղն ու ողնուղեղը: Իմունային համակարգը վնասում է միելինը կամ մեկուսիչ շերտը նյարդերի շուրջ, որը խանգարում է ազդանշանների փոխանցմանը ուղեղին եւ ուղեղից:
Կարեւոր է իմանալ ՑՍ-ի տարբեր ախտանիշների մասին: ՑՍ-ի ախտանիշները կարող են ներառել.
– շարժունակության խնդիրներ, ինչպիսիք են հոգնածությունը կամ թուլությունը քայլելիս, խոսելիս կամ կուլ տալու ժամանակ,
– վերջույթների ծակում կամ թմրություն,
– միզապարկի եւ աղիների դիսֆունկցիա,
– կոգնիտիվ դիսֆունկցիա,
– տրամադրության փոփոխություններ կամ դեպրեսիա,
– սեռական դիսֆունկցիա,
– սարսուռ կամ սպազմ,
– գլխապտույտ,
– տեսողության խանգարում,
– ծանր դեպքերում ՑՍ ունեցող մարդկանց մոտ կարող է կուրություն եւ/կամ կաթված լինել:
ՑՍ-ի համար հայտնի բուժում գոյություն չունի: Ուստի ախտանիշների բուժումն այս հիվանդության համար առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչն է: Ձեր ախտանիշների ծանրությունից կախված՝ ձեր բժիշկը կարող էստերոիդային դեղամիջոցներով, արյան փոխներարկմամբ կամ ֆիզիոթերապիայով ՑՍ-ի բուժում ընտրել:
Ահա ապրելակերպի մի քանի փոփոխություն, որոնք կարող եք անել՝ ՑՍ-ի ախտանիշները տնային պայմաններում հաղթահարելու համար:
– ՑՍ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված քնի խանգարումների: Քնի որակը բարելավելու համար փորձեք քնելուց առաջ մաքրել ձեր մտքերը, թուլացման տեխնիկա կիրառեք, հեռացրեք էլեկտրոնային սարքերը ձեր ննջարանից եւ կարգավորեք ձեր քնի ժամանակացույցը:
– Վարժություններ: Եթե ի վիճակի եք, կանոնավոր վարժությունները կօգնեն ձեզ բարձրացնել ուժը, մկանային տոնուսը, հավասարակշռությունը եւ կոորդինացիան: Լողը հիանալի տարբերակ է շոգին չդիմացողների համար։
– Աշխատեք արեւի տակ երկար չմնալ: Եթե ձեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ՑՍ-ի ախտանիշները կարող են վատթարանալ:
– Հետեւք բալանսավորված սննդակարգի եւ համոզվեք, որ շատ բջջանյութ եւ ջուր եք ընդունում, որոնք կօգնեն կառավարել ՍՑ-ով պայմանավորված աղիների հետ կապված հնարավոր խնդիրները:
– Ազատվել սթրեսից: Յոգա, տայ չի, մերսում, խորը շնչառություն կամ մեդիտացիա. դրանք կարող են օգնել ազատվել սթրեսից:
news.am