Ականջները հատուկ ականջմաքրիչներով մաքրելու սովորությունը, որը համարվում է անվնաս ու անգամ կարևոր հիգիենիկ պրոցեդուրա, իրականում կարող է շատ վտագավոր լինել՝ բարձրացնելով անդառնալի հետևանքների զարգացման հավանականությունը։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով բարիատրիկ վիրաբույժ Մաքսիմ Ելիսեևին։
Մասնագետի խոսքով՝ ականջածծումբը, չնայած իր ոչ էսթետիկ բնույթին, շատ կարևոր գործառույթ է կատարում։ Այն խոնավացնում է լսողական տրակտն ու նպաստում է դրա մաքրմանը։ Այնուամենայնիվ այս նյութի ավելցուկը շատ վտանգավոր է, ինչպես և կանոնավոր ականջմաքրիչների գործածությունը։
Ինչպես բացատրել է փորձագետը, լսողական անցուղիների անվտանգ մաքրման համար բավական է միայն ջրային պրոցեդուրաների ընթացքում արտաքին լսողական անցուղին լվանալը, մինչդեռ ականջմաքրիչների գործածությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։
Բանն այն է, որ մարդիկ սովորաբար չափազանց հաճախ ու կոպիտ կերպով են կիրառում ականջմաքրիչները՝ փորձելով հնարավորինս խորը մաքրել լսողական անցուղին, ինչն էլ բացասաբար է անդրադառնում այս օրգանի աշխատանքի վրա։ Նման սխալ գործածությունը նպաստում է ծծմբախցանների առաջացմանը, իսկ դրանք էլ դառնում են լսողության թուլացման պատճառ և բարենպաստ միջավայր են ստեղծում տարատեսակ վարակների բազմացման համար։