Ծխելը, ալկոհոլը, սուրճը, թերի սնվելը եւ քնի կանոնավոր բացակայությունը սպանում են սիրտը, «Մոսկվա 24»-ին ասել է սրտաբան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին։
Մասնագետը նշում է, որ ծխելու ժամանակ մարդու սրտի զարկերը փոխվում է, արյան անոթները նեղանում են։ Բացի այդ, ծխողների մոտ ավելի արագ է աթերոսկլերոզ զարգանում:
«Մենք հետեւում էինք, թե ինչպես է փոխվում սրտի հաճախությունը, երբ մարդը ծխում է: Հիվանդի զարկերակն ավելանում էր մինչեւ 120–140 զարկ/րոպե։ Դա սրտի մաշեցում է: Եւ դրան գումարած աթերոսկլերոզը, եւ դա ազդում է նաեւ վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որը կարգավորում է անոթների տոնուսը: Այնպես որ, ծխելը կարող է նաեւ տարբեր առիթմիաների հանգեցնել»,- ասել է սրտաբանը։
Չնայած ալկոհոլի առավել եւ պակաս վնասակար չափաբաժիններ գոյություն ունեն՝ ամեն դեպքում այդ ըմպելիքները թունավոր ազդեցություն են ունենում սրտի վրա, ընդգծել է բժիշկը։ Նա առանձնացրել է գարեջուրը, քանի որ մարդիկ ամենից հաճախ չարաշահում են փրփրուն ըմպելիքները։
«Կա նաեւ, այսպես կոչված, գարեջրային սիրտ եւ սրտի ալկոհոլային վնասում՝ սրտամկանի դիստրոֆիայի տեսքով։ Պատահում է, որ սիրտը փոխվում է, դրա մկանային բջիջները կարծես տարածվում են։ Այն ընդարձակ, մեծ ծավալների եւ մեծ չափերի է դառնում։ Դա կոչվում է դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Դա ի վերջո սրտի անբավարարության է հանգեցնում»,- նախազգուշացնում է մասնագետը։
Եւս մի վատ սովորություն չափից շատ ուտելն է՝ հատկապես, երբ խոսքը միս ու ճարպ ուտելու մասին է: Սննդակարգում մեծ քանակությամբ ոչ պիտանի սննդի առկայությունը եւ, որպես հետեւանք, մարմնի ավելորդ քաշը սրտի վնասման, դրա ճարպային դեգեներացիայի զարգացման եւ, ի վերջո, սրտի անբավարարության են հանգեցնում, նշել է Սերեբրյանսկին։
Չափից շատ սուրճը եւս վնասակար է։ Դա կարող է առիթմիայի եւ սրտի անբավարարության զարգացման հանգեցնել, շարունակել է սրտաբանը։
«Քնի պակասը, քնի ռեժիմի եւ արթնության խանգարումները նույնպես կարող եք առիթմիայի հանգեցնել։ Գիշերային ժամերին սիրտը պետք է հանգստանա, իսկ դրա փոխարեն ծակում ու սկսում է հաճախակի բաբախել»,- նշել է նա։
Մասնագետը խորհուրդ է տալիս նույն ժամին պառկել քնելու եւ քնել մոտ 8 ժամ։