Անտառային հրդեհների ծուխը կարող է բրոնխիտ եւ ասթմա առաջացնել, նախազգուշացրել է ռուս թոքաբան Մարինա Լեբեդեւան, փոխանցում է ՖԱՆ-ը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կոկորդի ցավին եւ հազին՝ թե՛ թաց, թե՛ ոչ թաց։
«Կարող է միանգամից մի քանի դրսեւորում ի հայտ գալ՝ հազ, շնչահեղձություն, թուլություն, ծարավ, բերանի չորության զգացում, աչքերում քոր, ոտքերի այտուց. դա սովորաբար շնչառական եւ սրտանոթային համակարգի համակցված հիվանդությունների սրացում է»,- «Լենտա»-ի հետ զրույցում բացատրել է բժիշկը։
Անբարենպաստ ժամանակահատվածի ընթացքում պետք է խոնավացնել սենյակի օդը եւ թաց մաքրություն կատարել։ Խորհուրդ է տրվում նաեւ նվազագույնի հասցնել փողոցում մնալը, ամփոփել է Լեբեդեւան։