Մի ժամանակ մեծերը մեզ վախեցնում էին, որ ստամոքսում ձմերուկ կաճի, եթե ուտենք դրա սերմերը։ Իհարկե, սա առասպել է, որն այժմ պարզապես ծիծաղելի է հիշել։
Բայց անվտա՞նգ է արդյոք իսկապես ձմերուկի սերմեր ուտելը: Mail.ru-ն պատմել է այն մասին, թե ինչ պետք է իմանալ ձմերուկի սերմերի մասին։
Եթե դուք պատահաբար ուտում եք համեղ ձմերուկի մի քանի սերմեր, անհանգստանալու ոչինչ չկա: Հում սերմերը չեն մարսվում մեր օրգանիզմի կողմից՝ դրանք ամբողջական անցնում են մարմնով։
Բայց եթե դուք զգայուն մարսողական համակարգ ունեք եւ շատ սերմեր եք ուտում, կարող են ստամոքսի որոշ խնդիրներ առաջանալ, օրինակ՝ գազեր կամ փքվածություն: Սերմերը կարող են նաեւ փորկապություն առաջացնել։
Դրանցում պարունակվում է չլուծվող բջջանյութ, որը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը:
Սակայն եթե սերմերը ծլած են կամ եփված, օրգանիզմը դրանք ամբողջությամբ կմարսի, որպեսզի օրգանիզմն օգուտ ստանա։
Կույրաղիքի մասին ամենատարածված առասպելներից մեկն այն է, որ որոշ սերմեր, ներառյալ ձմերուկինը, կարող են գրգռել այն: Կա վախեցնող կարծիք, որ սերմերի անմարսելի մնացորդները կարող են կուտակվել ապենդիքսում։ Սակայն մասնագետները բացատրում են, որ դա շատ քիչ հավանական է՝ նրանք այս մթերքները կույրաղիքի բորբոքման հիմնական պատճառ չեն համարում։
Իսկ կարո՞ղ են արդյոք ձմերուկի սերմերը օգտակար լինել:
Պարզվում է, որ ձմերուկի սերմերը սննդային արժեք ունեն, բայց միայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում։
Նախ, դրանք մագնեզիումի լավ աղբյուր են՝ հանքանյութ, որը մասնակցում է օրգանիզմում ավելի քան 600 քիմիական ռեակցիաներին: 30 գրամ սերմերի չափաբաժինը օրգանիզմին տալիս է մագնեզիումի օրական պահանջարկի մոտ 30 տոկսը:
Սերմերը նաեւ օգտակար են սրտի համար՝ շնորհիվ լիկոպեն կոչվող հակաօքսիդանտի, որը կարմիր մրգերին եւ բանջարեղենին վառ գույն է տալիս: Այս սննդանյութը կապված է առողջության համար շատ օգուտների հետ՝ սկսած սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցումից մինչեւ քաղցկեղի կանխարգելում:
Ձմերուկի սերմերը պարունակում են նաեւ այլ կարեւոր վիտամիններ եւ հանքանյութեր, ինչպիսիք են ֆոլաթթուն (B խմբի վիտամին), մանգանը, ցինկը, սպիտակուցը, եւ մի քիչ երկաթ: