Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հետևում են իրենց օգտատերին: Մեր տվյալները հաճախ հավաքվում և պահպանվում են առանց մեր իմացության կամ համաձայնության: Բայց ո՞ր ընկերությունն է հավաքում մեր մասին ամենաշատ տվյալները:
Ըստ StockApps.com-ի՝ ոլորտի հինգ խոշոր ընկերություններից, որոնք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը և Twitter-ը, անձնական տվյալների հավաքագրման հարցում առաջատարը Google-ն է: Այն հավաքագրում է 39 առանձին տեսակի տվյալներ յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Միևնույն ժամանակ Twitter-ը հավաքագրում է 24 տեսակի տվյալներ, Amazon-ը՝ 23, Facebook-ը՝14, իսկ Apple-ն՝ ընդամենը 12:
Զեկույցի հեղինակները չեն մանրամասնում, թե ինչ է նշանակում «տվյալների տեսակներ», որոնք տեխնոլոգիական ընկերությունները հավաքում են յուրաքանչյուր օգտատիրոջ թվային հետքի հիման վրա: Այնուամենայնիվ, նշվում է, որ դրանք ներառում են գտնվելու վայրի մասին տեղեկությունը, բրաուզերի պատմությունը, կողմնակի կայքերում կատարվող գործողությունները, իսկ Google-ի համար՝ նաև Gmail-ի նամակները:
Ընդհանուր առմամբ այս ընկերություններից յուրաքանչյուրը կենտրոնանում է տվյալների որոշակի կատեգորիայի վրա, այլ ոչ թե քանակի: Google-ը հավաքում է տարբեր տեսակի տեղեկություններ առանձին օգտատերերի մասին, քանի որ հիմնվում է այդ տվյալների վրա՝ թիրախային գովազդի համար (targeted advertising): Իսկ օրինակ Facebook-ում պահվող տվյալների մեծ մասը օգտատերերի կողմից մուտքագրվող տեղեկատվությունն է:
Մասնագետների կարծիքով, մարդկանց մեծամասնությունը ժամանակ կամ համբերություն չունի ծանոթանալու իրենց այցելած կայքերի գաղտնիության քաղաքականության հետ, որոնք, որպես կանոն, կարող են ընդգրկել մի քանի էջ: Բացի այդ, քիչ հավանական է, որ բոլոր օգտատերերն ունենան բավարար իրավական գիտելիքներ՝ գաղտնիության քաղաքականությունը ճիշտ հասկանալու համար: Արդյունքում օգտատերերը թույլ են տալիս Google-ին հավաքել իրեն անհրաժեշտ բոլոր տվյալները՝ առանց կարդալու համաձայնվելով գաղտնիության քաղաքականության պայմաններին:
Գաղտնիության պահպանման հարցում ամենապատասխանատու ընկերությունը Apple-ն է, որը հավաքում է միայն այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է օգտատերերի հաշիվները սպասարկելու համար: Դրա հիմնական պատճառն այն է, որ նրա կայքն այնքան էլ կախված չէ գովազդային եկամուտներից, որքան Google-ը, Twitter-ը և Facebook-ը: