Ռուս սննդաբան Ելենա Սուխանովան խոսել է օրգանիզմում յոդի օպտիմալ մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին, գրում է «МедикФорум»-ը։
Մասնագետի խոսքով՝ յոդը կենսական նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար, քանի որ օգնում է պայքարել վիրուսների ու տարբեր բակտերիաների դեմ։ Սակայն յոդի գործառույթները սրանով չեն սահմանափակվում։
Մասնագետի խոսքով՝ յոդը նաեւ վահանաձեւ գեղձի տիրեոտրոպ հորմոնի եւ տիրեոիդային հորմոնների կառուցվածքային պարտադիր բաղադրիչ է՝ մասնակցում է T3-ի եւ T4-ի սինթեզին, էներգետիկ նյութափոխանակությանը, մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը։
Բացի այդ, յոդն ազդում է նյութափոխանակության արագության վրա: Հենց նրանից է կախված արտաքին ագրեսիվ գործոններին իմունային արձագանքը։
Մի շարք նյարդահոգեբանական ռեակցիաներ կախված են օրգանիզմում յոդի մակարդակից։ Սա հատկապես կարեւոր է հղիների համար, քանի որ յոդի անբավարարությունը կարող է ազդել երեխայի ձեւավորման վրա։
Յոդը, որը գրեթե համարժեք է վիտամին C-ին, հզոր հակաօքսիդանտ է:
Նրա օրական պրոֆիլակտիկ չափաբաժինը 100 մկգ է։
Որպես յոդի լրացուցիչ բնական աղբյուր՝ կարելի է օգտագործել յոդացված կամ ծովային աղ։