COVID-19-ով երկարատեւ հիվանդացած պացիենտները մեկ տարի հետո աուտոիմունային հիվանդությունների նշաններ են ունեցել
Advertisement 1000 x 90

COVID-19-ով երկարատեւ հիվանդացած պացիենտները մեկ տարի հետո աուտոիմունային հիվանդությունների նշաններ են ունեցել

Քովիդի երկարատեւ ընթացք ունեցած պացիենտների արյան նմուշները ցույց են տալիս այդ պացիենտների աուտոիմունային հիվանդությունների նշաններ, վկայում է այն հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal ամսագրում։

Աուտոիմունային հիվանդություններն առաջանում են այն ժամանակ, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում է մարմնի առողջ մասերի դեմ՝ հիվանդությունից օրգանիզմը պաշտպանելու փոխարեն։ Դա առաջ է բերում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ռեւմատոիդ արթրիտն ու գայլախտը:

Գիտնականները 2020թ. օգոստոս-2021թ. սեպտեմբեր ընթացքում հավաքել են COVID-19-ի ախտորոշմամբ 106 մարդ։ Հետազոտողները նաեւ խմբում ներառել են 22 առողջ կամավորականի եւ 34 մարդուց բաղկացած մի խումբ, որոնք շնչառական վարակ են ունեցել, որը կապված չի եղել քովիդի հետ։

Երեք դեպքերում՝ վարակից ապաքինվելուց 3, 6 եւ 12 ամիս անց, պացիենտներին հարցրել են, թե արդյոք հեւոց, հազ ունեն կամ հոգնածություն են զգում։

Մասնակիցները նաեւ արյան նմուշներ են հանձնել։ Այս դեպքում հետազոտողները որոնում էին հակամարմիններ, որոնք ուղղված կլինեին առողջ բջիջների եւ օրգանիզմի հյուսվածքների դեմ, եւ որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են աուտոիմունային հիվանդությունների առաջացմանը։

Քովիդ ունեցող պացիենտների մոտ 80 տոկոսն ունեցել է երկու կամ ավելի հակամարմին արյան մեջ՝ վարակվելուց երեք եւ վեց ամիս հետո։ Մեկ տարի հետո այդ ցուցանիշը նվազել է 41 տոկոսի։ Առողջ կամավորականների մեծ մասի արյան մեջ այդ հակամարմինների ոչ մի նշան չի եղել, իսկ նրանք, որոնք քովիդի հետ չկապված շնչառական վարակ էին հաղթահարել, այդ հակամարմինների համեմատաբար ցածր մակարդակ էին ունեցել։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ երկու սպեցիֆիկ «աուտոհակամարմին» (U1snRNP եւ SSb-La), ինչպես նաեւ այլ սպիտակուցներ (ցիտոկիններ), որոնք բորբոքում են առաջացնում, պահպանվել են քովիդով պացիենտների մոտավորապես 30 տոկոսի մոտ՝ վարակվելուց մեկ տարի հետո։ Որպես կանոն, դրանք այն պացիենտներն էին, որոնք շարունակել էին տառապել հոգնածությունից եւ հեւոցից։

Այս արդյունքները մատնանշում են թեստավորման անհրաժեշտության մասին՝ պարզելու համար աուտոիմունային հիվանդությունների նշանների առկայությունը երկարատեւ քովիդի ախտանշաններով պացիենտների պարագայում, որոնք պահպանվում են մեկ տարի եւ ավելի, նշել են հետազոտողները։

med.news.am