Ձայնով կառավարվող խելացի սարքերը, ինչպիսիք են Alexa-ն, Siri-ն եւ Google Home-ը, կարող են խանգարել երեխաների սոցիալական եւ էմոցիոնալ զարգացմանը, Archives of Disease in Childhood-ում հրապարակված հոդվածում պնդում է առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման կիրառման փորձագետը:
Այդ սարքերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ՝ կանխելով երեխաների քննադատական մտածողության, կարեկցանքի ու եւ սովորելու հմտությունների զարգացումը, կարծում է Անմոլ Արորան՝ Քեմբրիջի համալսարանից:
Թեեւ ձայնի կառավարման սարքերը կարող են որպես «ընկերներ» հանդես գալ եւ օգնել զարգացնել երեխաների ընթերցանության եւ հաղորդակցման հմտությունները, դրանց ուժեղացված արհեստական ինտելեկտը եւ մարդու նման ձայները մտահոգություն են առաջացնում երեխաների ուղեղի վրա պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունների կապակցությամբ զարգացման կրիտիկական փուլում:
Հեղինակը բացատրում է, որ մտահոգության երեք լայն ոլորտներ կան։ Դրանք թվում են ոչ ադեկվատ արձագանքները, սոցիալական զարգացման խոչընդոտումը եւ ուսուցման արգելակումը: Նա մեջբերում է անտեղի ռեակցիաների մի քանի պոպուլյար օրինակներ, այդ թվում՝ սարքը, որը հուշում է 10-ամյա երեխային փորձել մետաղադրամով հպել հոսանքին միացված խրոցակին: Այդ սարքերը չեն կարող երեխաներին սովորեցնել քաղաքավարի վարքագիծ, քանի որ չկա «խնդրում եմ» կամ «շնորհակալություն» ակնկալիքները եւ կարիք չկա հաշվի առնել ձայնի տոնը, նշում է նա:
«Ոչ բանավոր հաղորդակցությանը մասնակցելու անկարողությունը ստիպում է սարքին սոցիալական փոխազդեցության ուսուցման վատ մեթոդ օգտագործել,- գրում է նա:- Մինչդեռ նորմալ մարդկային փոխազդեցության դեպքում երեխան սովորաբար կոնստրուկտիվ արձագանք է ստանում, եթե իրեն պահում է ոչ պատշաճ կերպով, իսկ դա դուրս է խելացի սարքի շրջանակներից»:
Միայնակ մեծահասակների համար ձայնային օգնականների՝ որպես սոցիալական ուղեկիցների օգտագործման վերաբերյալ նախնական հետազոտությունները հուսադրող են: Բայց բոլորովին պարզ չէ՝ արդյո՞ք դա վերաբերում է երեխաներին, նշում է նա։
Սարքերը նախատեսված են անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու եւ հակիրճ, կոնկրետ պատասխան տրամադրելու համար, սակայն դա կարող է խանգարել ավանդական գործընթացներին, որոնց միջոցով երեխաները սովորում եւ յուրացնում են տեղեկատվությունը, կարծում է հոդվածի հեղինակը: