«Թագը» սերիալում չի ցուցադրվի արքայադուստր Դիանայի մահը
Advertisement 1000 x 90

«Թագը» սերիալում չի ցուցադրվի արքայադուստր Դիանայի մահը

Netflix-ի «Թագը» սերիալի ստեղծողները որոշել են չնկարահանել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսարանը։ Այս տեղեկությունը հաստատել են Deadline-ի աղբյուրները։

Նրանք հրապարակմանը հայտնել է, որ Փարիզում Դիանայի մահվանը նախորդած իրադարձությունների նկարահանումները կսկսվեն երկու շաբաթից։ Քանի որ ամբողջ պատմությունը «նուրբ է», շոուի հեղինակները փորձում են հնարավորինս նրբանկատորեն վերաբերվել դրան: Ուստի երկու մեքենաների բախման պահը չի նկարահանվի։

Փոխարենը սերիալում կցուցադրվեն ողբերգությունից առաջ եւ հետո տեղի ունեցած իրադարձությունները։ 1997 թվականի օգոստոսի 31-ին պապարացիները հետապնդում էին այն մեքենան, որում գտնվում էին Ուելսի արքայադուստր Դիանան (Արքայազն Չարլզի նախկին կինը) եւ նրա ընկերը՝ պրոդյուսեր Դոդի Ալ-Ֆայեդը։ Ավտովթարը եղել է  թունելում, ինչի հետեւանքով զոհվել են Ալ-Ֆայեդը եւ վարորդը։ Դիանային փորձել են փրկել, սակայն չորս ժամ անց հիվանդանոցում նա նույնպես մահացել է ։

Վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները վերսկսվել են՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով հետաձգվելուց հետո։ Սերիալի նոր դերասանական կազմում դերասանուհի Էլիզաբեթ Դեբիցկին մարմնավորում է Դիանային, Դոմինիկ Ուեսթը խաղում է Չարլզի դերը, իսկ Իմելդա Սթոնթոնը՝ հանգուցյալ թագուհու կերպարը։ Թագուհու մահվան կապակցությամբ սուգի ֆոնին սերիալը դիտումների քանակով հայտնվել է Netflix-ի լավագույն եռյակում։

Հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի նոյեմբերի 9-ին, վեցերորդի պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, ամենայն հավանականությամբ, այն կթողարկվի 2023 թվականի աշնանը:

news.am