37-ամյա ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը պատմել է, թե ինչպես է բախվել կինոյում սեքսուալ օբյեկտիվացմանը։ Նրա խոսքերը հայտնում է Independent-ը։
Յոհանսոնի խոսքով՝ իր կարիերայի սկզբնական տարիներին ինքը «հիպերսեքսուալիզացված» էր, ուստի իրեն չէին տալիս իր ուզած դերերը։ «Ես օբյեկտիվացված էի այս [սեքսուալ] իմաստով, և ինձ նույնիսկ սկսեց թվալ, որ դրա պատճառով առաջարկներ չեմ ստանում այնպիսի աշխատանքի համար, որն իսկապես կցանկանայի անել», – ասել է նա:
Դերասանուհին հավելել է, որ ավելի ուշ կինոգործիչներն սկսել են իրեն ընկալել որպես չափահաս «40-ամյա կին», քանի որ ինքը մարմնավորել էր իրենից մի քանի տարով մեծ հերոսուհիների։ «Ես խրվեցի այս սեքսուալ կերպարի մեջ, քանի որ բոլորը կարծում էին, որ ես ավելի մեծ եմ, և քանի որ ունեի շատ նման դերեր», – եզրափակել է Յոհանսոնը:
Առաջին անգամ դերասանուհին էկրաններին հայտնվեց ինը տարեկանում՝ «Հյուսիս» (1994) ֆիլմում։ 2020 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար։