109 տարեկան հասակում մահացել է Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոն՝ Կոկոյի տատիկի նախատիպը Disney-ի «Կոկոյի գաղտնիքը» անիմացիոն ֆիլմում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Ռամիրես Կաբալյերոն մահացել է նույն մեքսիկական քաղաքում, որտեղ նա ծնվել է՝ Սանտա Ֆե դե լա Լագունայում: Միչոականի զբոսաշրջության նախարար Ռոբերտո Մոնրոյը նրան բնութագրել է՝ որպես «օրինակելի և կերպարային կին»։
«Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմում հայտնվում է Մամա Կոկոյի կերպարը։ Սա գլխավոր հերոսի՝ Միգելի տատիկն է, ով կարողանում է անցնել աշխարհների սահմանը։
Pixar ստուդիայում հայտնել են, որ մուլտֆիլմի հեղինակներն այցելել են Մեքսիկայի մի քանի նահանգներ՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու Մեռելոցի օրվա ավանդույթները։ Ռամիրես Կաբալյերոյի հարևանները հաստատել են, որ նկարահանող խումբը նույնպես ապրել է կնոջ ընտանիքի հետ։
Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոն իր ողջ կյանքը նվիրել է կավե ամանների պատրաստմանը։ Երբ 2017-ին թողարկվեց «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմը, նրա ընկերները հիշում են, որ նա օրեր շարունակ նստել է փողոցում՝ մուլտֆիլմի պաստառի կողքին, իսկ զբոսաշրջիկները չնչին գումարով նկարվել են մեքսիկուհու հետ։