Ֆրանս-շվեյցարացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմի սցենարի ձեռագիր տարբերակը վաճառել է Փարիզի Christie’s աճուրդում, հայտնում է Le Progres-ը։
Ձեռագիրը, որը 59 էջ է եւ գրված է կապույտ թանաքով, վաճառվել է 302,4 հազար եվրոյով։ Ի սկզբանե նմուշը գնահատվել է 120-ից 180 հազար եվրո։ Այն ներառում է նաեւ Գոդարի ուղղումներով 24 մեքենագրված թերթ։
Իտալացի գրող Ալբերտո Մորավիայի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Արհամարհանք» ֆիլմը էկրան է բարձրացել 1963 թվականին։ Ֆիլմը պատմում է սցենարիստ Փոլ Ջավալի մասին, ով փորձում է գումար աշխատել ֆիլմից։ Միեւնույն ժամանակ նա կնոջը ծանոթացնում է կինոպրոդյուսերի հետ եւ աչք փակում կնոջ նկատմամբ տղամարդու հետաքրքրության վրա։ Ֆիլմում նկարահանվել են Բրիջիթ Բարդոն, Միշել Պիկոլին, Ֆրից Լանգը եւ այլոք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աճուրդի է հանվել ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարը։