«Իմ միջոցով փորձել են ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում»․ «Միսս Տիեզերք Հայաստան» Նանե Ավետիսյանը՝ ֆրանսիական «Brut» կայքի ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ միջոցով փորձել են ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում»․ «Միսս Տիեզերք Հայաստան» Նանե Ավետիսյանը՝ ֆրանսիական «Brut» կայքի ուշադրության կենտրոնում

«Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը հայտնվել է ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ի՝ «Brut»-ի ուշադրության կենտրոնում։ Ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական մեդիա ներկայացուցիչներից մեկը հայ մոդելի մասնակցությամբ տեսանյութ էր պատրաստել։

«Մեծ պատիվ էր, որ համագործակցել եմ նման հեղինակավոր պարբերականի հետ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Ֆրանսիայում․ մոտ 3 միլիոն հետեւորդ Instagram-ում, մոտ 4 միլիոն՝ Facebook-ում, 1․5 միլիոն Youtube-ում եւ այլն։ «Brut»-ի տարածվածության եւ ընթերցողների մեծ բանակի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ «Brut»-ը փորձել է նաեւ իմ միջոցով ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Նրանց հատկապես հետաքրքրել էր այն պահը, որ հայ մոդելն անհրաժեշտության դեպքում կարող  է զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։

Նյութի հիմնական շեշտարումը հայ կնոջ եւ պատերազմական իրավիճակի մասին է․ Նանեն ֆրանսիական լրատվամիջոցի ուշադրությունը գրավել է սեպտեմբերի 13-ից հետո իր ծավալած գործունեության շնորհիվ․

«Ռազմական պատրաստություն էի անցնում, որտեղ ինձ նկատեց ֆրանսիական հայտնի «Le Figaro» պարբերականի լրագրող Աստղիկը՝ առաջարկելով հարցազրույց վերցնել հենց իրենց համար։ Ինչ խոսք, հպարտանալու եւս մեկ առիթ է, քանի որ «Le Figaro»-ն Ֆրանսիայում, նույնպես, մեծ հեղինակություն ունեցող պարբերական է։ Դրան էլ հաջորդեց «Brut»-ի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ մեր երկրի մասին խոսել նման մեծ լսարան ունեցող պարբերականների միջոցով»։

Նանեի խոսքով՝ «Brut»-ի անդրադարձին հաջորդել է օտարերկրացի հետեւորդների մեծ հետաքրքրվածությունն իր անձնի նկատմամբ, ինչն այս պարագայում տեսանելի էր հետեւորդների նոր քանակի ավելացումով։ Մոդելն ասում է՝ աշխարհի տարբեր ծայրերից քաջալերող նամակներ է ստանում, որոնցում նշում են, որ հպարտանում են իրենով, իր՝ ռազմական պատրաստություն անցնելու որոշումով։

«Դեռ 2020-ից սկսած անդադար մտածում էի ռազմական պատրաստություն անցնելու մասին։ Փորձում էի գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտի մասին, տեսանյութեր էի դիտում, սակայն որոշումս հստակեցրի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո՝ հասկանալով, որ որքան էլ մոդել եւ հաղորդավար եմ, միեւնույն է, պատերազմին պետք է պատրաստ լինել։ Ինչ խոսք, կյանքս այդ ամենից հետո շատ է փոխվել, չեմ կարող չխոստովանել, որ ռազմական պատրաստություն ունենալը դժվար էր համատեղել իմ բազմազբաղ առօրյայի հետ, սակայն մեծ ցանկություն ունեի համատեղելու։ Առհասարակ, բոլորին եմ հորդորում, եթե ցանկանում են մեր երկիրը տեսնել հզոր, ապա ռազմական նվազագույն գիտելիքներ պետք է ունենան, որոնք ամեն պահի կարող են պետք գալ, թեպետ ինքս ինձ անդադար ասում եմ, որ երանի այս գիտելիքներն ինձ երբեք պետք չգան, սակայն մեր տղաները միշտ պետք է իմանան, որ իրենց հետ ենք»։

Ամբողջությամբ՝ style.news.am