Արթրիտն առաջացնում են մանրէնե՞րը. նոր հետազոտությունը կարող է փոխել պատկերացումն աուտոիմունային հիվանդությունների մասին
Advertisement 1000 x 90

Արթրիտն առաջացնում են մանրէնե՞րը. նոր հետազոտությունը կարող է փոխել պատկերացումն աուտոիմունային հիվանդությունների մասին

Աղիների ունիկալ մանրէները կարող են ռեւմատոիդ արթրիտ առաջացնել ռիսկի խմբի մարդկանց մոտ, հավաստիացրել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները։

Իրենց ավելի վաղ կատարած հետազոտությունում նրանք  հայտնաբերել էին, որ արյան մեջ հատուկ հակամարմինների առկայության դեպքում կարելի է նույնականացնել այն մարդկանց, որոնք ենթակա են ռեւմատոիդ արթրիտով հիվանդանալուն՝ ախտորոշումից շատ ավելի առաջ։ Նոր աշխատանքում, որի արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում, գիտնականները պարզել են, որ դրանք աուտոիմունային հակամարմիններ չեն, այլ հակամարմիններ են աղիներում ապրող մանրէների հանդեպ։

Այս հիվանդության հակում ունեցող մկներին ներարկել են «ռեւմատոիդ» մանրէներ, ինչի հետեւանքով կենդանիների մոտ հայտնաբերվել են ռեւմատոիդ արթրիտի մարկերներ, այսինքն՝ միկրոբի հանդեպ հակամարմիններ։

Հեղինակները պարզել են նաեւ, որ ռեւմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց իմունային համակարգն արձագանքում է այդ մանրէին, իսկ առողջ մարդկանց իմունիտետն անտեսում է այն։ Հեղինակների այս աշխատանքը կարող է լիովին փոխել պատկերացումն աուտոիմունային հիվանդությունների առաջացման մասին եւ օգնել ստեղծել դեղեր, որոնք կազդեն ոչ թե ռեւմատոիդ արթրիտի հետեւանքների, այլ պատճառի վրա։

Եթե մանրէների ունիկալ տեսակն իսկապես առաջ է բերում իմունային պատասխան, որը մարդկանց ռիսկի խմբում հանգեցնում է ռեւմատոիդ արթրիտի, կարելի կլինի ազդել միկրոբների վրա դեղերի օգնությամբ, որպեսզի հիվանդությունը կանխվի։

news.am