Գոյություն ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց դեպքում չի կարելի եգիպտացորեն ուտել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Ելենա Եվդոկիմովան։
«Եգիպտացորենը բացարձակապես հակացուցված է շաքարային դիաբետի ցանկացած տեսակով հիվանդներին, քանի որ այն շատ արագ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Բացի այդ, այս մթերքը հակացուցված է նաև այն մարդկանց որոնց մոտ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները սրման փուլում են, քանի որ այն պարունակում է դժվարամարս մանրաթելեր և գրգռում է լորձաթաղանթը։ Սա հատկապես վերաբերում է լեղապարկի ու լյարդի գործառույթների խանգարում ունեցող մարդկանց, քանի որ եգիպտացորենը նպաստում է լեղապարկի կծկումներին»,- նախազգուշացրել է բժիշկը։
Ինչպես ընդգծել է Եվդոկիմովան, առավել վտանգավոր է պահածոյացված եգիպտացորենը, որին որպես պահածոյացնող նյութ շաքար է ավելացվել։ Սա էլ ավելի է մեծացնում մթերքի բացասական ազդեցությունը։
Բացի այդ, ներզատաբանը նաև հավելել է, որ եգիպտացորենը խորհուրդ չի տրվում կիրառել ճարպակալման ու ավելորդ քաշի դեպքում, քանի որ այս մթերքը պարզ ածխաջրերի աղբյուր է, իսկ դրանք նպաստում են քաշի ավելացմանը։