Եթե մարդը քիչ է շարժվում և օրվա մեծ մասն անցկացնում է նստած, ի հայտ են գալիս արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ քրոնիկ հիվանդությունների զարգացման, գրում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն՝ վկայակոչելով նյարդաբան, օստեոպաթ Ալեքսանդր Եվդոկիմովին։
Բժշկի խոսքով՝ ցերեկային ժամերի 1/3 մասը նստած անցկացնելը հանգեցնում է արյան շրջանառության տեղային խանգարման և բարձրացնում է ոտերում ու փոքր կոնքի օրգաններում արյան լճացման հավանականությունը։
Ինչպես բացատրել է մասնագետը, նման դեպքերում զգալի բարձրանում է մարմնի այդ հատվածներում արյան հոսքի քրոնիկ խանգարման հավանականությունը, ինչն էլ կարող է հանգեցնել երկաների վարիկոզ լայնացման, արյան լճացումների, թութքի, տղամարդկանց մոտ շագանակագեղձի բորբոքման, իսկ կանանց մոտ սեռական համակարգի հետ կապված հիվանդությունների զարգացման։
Բացի այդ, տևական ժամանակ նույն դիրքով մնալը հավելյալ ծանրաբեռնում է ողնաշարը, իսկ սա իր հերթին կարող է դառնալ գոտկատեղի ցավերի պատճառ։ Ավելին՝ նստակյաց կենսակերպը հանգեցնում է սաստիկ գլխացավերի ու կոգնիտիվ գործառույթների խանգարման, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։