Կանոն 1. Հարաբերությունները պետք է պարզ լինեն
Պարզությունը պետք է լինի հենց սկզբից: Առաջին րոպեներից: Մարդն անմիջապես իրեն զգում է այնպես, ասես ձեր հին ծանոթն է, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով սիրաշահել: Տղան, որի հետ դուք պատրաստ եք 15 րոպե անց առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավն է, քան նա, ում դուք 7 տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որն անմիջապես ձեզ ուշադրություն է դարձնում, ավելի լավն է, քան այն անմատչելի գեղեցկուհին, որի սիրտը շահելու համար նրան պետք է Բահամյան կղզիներ տանել: Պարզ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:
Դա աքսիոմ է: Այն ապացուցել պետք չէ: Հարաբերություններում առհասարակ ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին:
Պետք չէ ոչ մեկին նվաճել, հարմարվել նրան կամ վազել մեկի հետեւից: Մեկ անգամ անելով դա՝ դուք դա կանեք ամեն օր, իսկ դրան ի պատասխան՝ կտեսնեք միայն քմահաճ, դժգոհ մռութ: Եթե ի սկզբանե չի ստացվել, կայծ չի բռնկվել, հողմապտույտ չի առաջացել, մի քաշեք այդ հարաբերությունների պոչից: Նշանակում է, որ դա ձեր մարդը չէր: Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց համար, ով ձանձրանում է, եւ ով շատ ազատ ժամանակ ունի: Մնացած բոլորի համար այդ տառապանքները միայն նյարդեր են քայքայում:
Պետք չէ բարդ հարաբերություններ վերցնել ձեր վրա: Հարաբերությունները, որոնցում դուք անընդհատ ուրիշի սրնգի տակ եք պարում, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք, որ բարդ հարաբերությունները ձեզ քաշեն իրենց հորձանուտը:
Կանոն 2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն
Այս պնդումը նույնպես ապացուցման կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ուրախություն բերել, վե՛րջ դրեք դրանց:
Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին, ափսեներ կոտրելուն: Մի կո՛ղմ թողեք երկարաշունչ զրույցները, կշտամբանքներն ու փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ՛: Դա ուղիղ ճանապարհ է դեպի դժոխք: Հենց որ հարաբերություններից անհետանում է ուրախությունը, դրանք դառնում են անօգուտ: Թվում է, թե ի՞նչ կա սրանից պարզ:
Բայց շատերը տարիներով ծամում են նման հարաբերությունները, կուլ տալիս վիրավորանքը, ուղեղը ծանրաբեռնում անպետք բաներով: Պետք չէ՛ անել դա: Հենց որ դուք հասկանում եք, որ ձեր բառերը կարող են փախցնել ուրախությունը, փակե՛ք ձեր բերանը: Սկսում են հարաբերություններ պարզել, հեռացե՛ք: Մարդն ուզում է ձեզ կշտամբել, մեղադրել, թույլ մի՛ տվեք ձեզ մեղքի զգացում ներշնչեն: Հեռացե՛ք: Հարաբերությունները պետք են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները՝ «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն էլ այդպես են ապրում», «սովորության համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ է», կարող եք ուղղակի նետել աղբանոցը:
Աղբյուրը՝ Klubber.ua