Տիեզերական աղբի պատճառով Երկրի ուղեծրի որոշ մասեր կարող են արգելված գոտի դառնալ․ ի՞նչ վտանգներ կան և ի՞նչ է արվում դրանից խուսափելու համար
Advertisement 1000 x 90

Տիեզերական աղբի պատճառով Երկրի ուղեծրի որոշ մասեր կարող են արգելված գոտի դառնալ․ ի՞նչ վտանգներ կան և ի՞նչ է արվում դրանից խուսափելու համար

Ընդամենը տասը տարի առաջ մեր մոլորակի շուրջը պտտվում էր մոտ 1000 կամ ավելի գործող արբանյակ, սակայն մեկ տասնամյակ հետո դրանց թիվը կարող է հասնել տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարների։ Փորձագետները տարիներ շարունակ ահազանգում են, որ Երկրի ուղեծրում առկա օբյեկտների թիվը չափազանց շատ է մեծանում։ Այսպիսով, քանի՞ արբանյակ կարող միաժամանակ գտնվել Երկրի ուղեծրում՝ չառաջացնելով խնդիրներ։

Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի աստղաֆիզիկոս և աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը մի նախագիծ է սկսել, որը հետևում է արբանյակների արձակումներին և ֆիքսում, թե ինչպես է Երկրի ուղեծրում գտնվող օբյեկտների թիվը կտրուկ աճում։

«Դա նման կլինի միջպետական մայրուղու՝ պիկ ժամին ձնաբքի ժամանակ, երբ բոլորը շատ արագ են վարում մեքենան»,- ասել է նա ի պատասխան Space.com-ի հարցին, թե ինչպիսին կլինի իրավիճակը ուղեծրում, եթե SpaceX-ի (Starlink), OneWeb-ի և Amazon-ի (Kuiper) արբանյակներ արձակելու ծրագրերն իրագործվեն:

Մանևրներ

Արդեն առկա են առաջին նշանները, որ Երկրի ուղեծրում իրավիճակը չափազանց լարվում է։ Մաքդաուելի բրիտանացի գործընկեր, Սաութհեմփթոնի համալսարանի տիեզերագնացության պրոֆեսոր Հյու Լյուիսը արդեն մի քանի տարի է, ինչ Twitter-ի իր էջում հրապարակումներ է անում՝ ներկայացնելով դեպքերը, երբ տարբեր օբյեկտներ՝ գործող կամ չգործող արբանյակներ (տիեզերական աղբ), չափազանց շատ են մոտենում իրար։

Այս տարվա հրապարակումներից մեկում Լյուիսը նշել է, որ 2022-ի համար կանխատեսված նման դեպքերի ընդհանուր թիվը 134%-ով ավելի է եղել 2020 թ․ և 58%-ով ավելի 2021 թ․ համեմատ և գերազանցում է 4 միլիոնը, ինչը վկայում է, որ տիեզերքում «երթևեկությունը» համակարգելը աստիճանաբար ավելի է բարդանում։

Բախումներ

Գործող արբանյակները, սակայն, խնդրի մի մասն են միայն: Եվրոպական տիեզերական գործակալության հաշվարկներով՝ Երկրի մերձակա ուղեծրում կա տիեզերական օբյեկտների մոտ 36,500 կտոր, որոնք 10 սանտիմետրից մեծ են, մոտ մեկ միլիոն բեկոր, որոնց չափերը 1-10 սմ են, և  130 միլիոն բեկոր, որոնք 1 սմ-ից փոքր են: Ավելի մեծ օբյեկտների բախման հետևանքով շարունակում է աճել հատկապես փոքր բեկորների քանակը, որոնք առաջացնում են բեկորների ամպեր: Եվ եթե 10 սմ մեծության բեկորները կանոնավոր կերպով մշտադիտարկվում են, ապա ավելի փոքր կտորների հետագծերը հիմնականում անհայտ են, այսինքն՝ նախապես դրանց մասին չի իմացվում։

Ոլորտի մասնագետներին, սակայն, ավելի շատ մտահոգում է, երբ միմյանց են մոտենում չգործող արբանյակների, օգտագործված հրթիռների մասերը, որոնց դեպքում մանևրի հնարավորություն չկա։ Նման մի դեպք տեղի է ունեցել այս տարի, երբ ռուսական հրթիռի վերին աստիճանն ու վաղուց չգործող ռուսական արբանյակը հունվարի 27-ին չափազանց շատ (6 մետր) մոտեցան միմյանց և միայն հրաշքով բախում տեղի չունեցավ։ Այլապես, դրա հետևանքով հազարավոր նոր վտանգավոր բեկորներ կառաջանային, որոնք դարեր շարունակ կմնային ուղեծրում՝ սպառնալիք ստեղծելով իրենց ճանապարհին:

Այսպիսով, քանի՞ արբանյակ կարող է ապահով տեղավորել Երկրի ուղեծրում

Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Հյու Լյուիսն ասում է, որ Երկրի ուղեծրի որոշակի բարձրություններ ավելի խոցելի են, քան մյուսները: Օրինակ՝ Starlink արբանյակները պտտվում են Երկրից 550 կիլոմետր բարձրության վրա, որտեղ գտնվող օբյեկտները սովորաբար երկար չեն մնում աշխատանքի ավարտից հետո։ Նույնիսկ եթե դրանք չկարողանան վերադառնալ Երկրի մթնոլորտ (որպեսզի այդտեղ այրվեն), մի քանի տարվա ընթացքում մթնոլորտային ձգողության շնորհիվ այս արբանյակների ուղեծրերը փոխվում են, և դրանք ի վերջո գնում են դեպի Երկրի մթնոլորտ։ Երկրի ուղեծրի մաքրման այս բնական ունակությունը, սակայն, նվազում է բարձրությանը զուգահեռ․ որքան բարձր են գտնվում օբյեկտները, այդքան թույլ է մթնոլորտի ձգողությունը։ Իսկ արդեն 1000 կիլոմետրից բարձր ուղեծիրն իրականում ոչինչ չի անում, քանի որ այն շատ նոսր է, հետևաբար այստեղ գտնվող օբյեկտների թիվը միայն ավելանում է։

Ի՞նչ սպասել ապագայում

Ջոնաթան Մաքդաուելն ասում է, որ բնապահպանական հարցերին մարդկության արձագանքը սովորաբար լինում է չափազանց ուշ և արվում է չափազանց քիչ բան։ Երկրի ուղեծրի հարցում, ըստ նրա, պետք է լինեն կարգավորումեր և սահմանափակումներ, օրինակ, թե քանի արբանյակ կարող է տեղակայվել յուրաքանչյուր ուղեծրային բարձրությունում։ Նա նաև չի բացառում, որ գուցե ինչ-որ պահի նույնիսկ տուգանքներ սահմանվեն նրանց համար, ովքեր աղտոտում են տիեզերքը։

news.am