Exclusive. Արման Նշանյանը, Թիլ Շվայգերը, Ասկո Ակոպյանն ու Մայք Հեթոնը՝ Ալեք Բոլդուինի ու Միքի Ռուրկի մասնակցությամբ «Հոլիվուդյան կողոպուտ» ֆիլմի ու Հոլիվուդի իրական կողմի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Exclusive. Արման Նշանյանը, Թիլ Շվայգերը, Ասկո Ակոպյանն ու Մայք Հեթոնը՝ Ալեք Բոլդուինի ու Միքի Ռուրկի մասնակցությամբ «Հոլիվուդյան կողոպուտ» ֆիլմի ու Հոլիվուդի իրական կողմի մասին

Ինչպիսի՞ն է Հոլիվուդի հակառակ կողմը։ Ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմերն, ու որքանո՞վ է հեշտ տրվում համաշխարհային աստղերի հետ աշխատանքը։ Հենց այս ամենի զավեշտալի ու հետաքրքիր կողմերի մասին է պատմում «Հոլիվուդյան կողոպուտ»/Hollywood Heist/ էքշն կատակերգությունը, որտեղ ներառված են հայտնի կինոաստղեր Ալեք Բոլդուինը, Միքի Ռուրկը, Թիլ Շվայգերը, Նիք Քենոնը, ճանաչված հայ դերասան Արման Նշանյանն ու մի շարք հետաքրքիր կերպարներ։ Ֆիլմի ռեժիսորը Մայք Հեթոնն է, որը սցենարը հեղինակել է Փոլ Սլոանի հետ։ Նախագծի պրոդյուսերը հայազգի Ասկո Ակոպյանն է։ Ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա՝ իհարկե որոշակի չափազանցություններով։

AB2021HeadshotApproved copy.JPEG (438 KB)

Alec Baldwin – photo by Marco Vacchi

Սյուժետային մանրամասների ու աստղային համագործակցությունների բացառիկ մանրամասների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Մայք Հեթոնի, Ասկո Ակոպյանի, Արման Նշանյանի եւ Թիլ Շվայգերի հետ։

Ռեժիսոր Մայք Հեթոնը, անդրադառնալով, ֆիլմի ստեղծման գաղափարին, նշեց, որ մտահաղացումն առաջացել է իր եւ Փոլ Սլոանի մոտ։

image2.jpeg (2.86 MB)

Mike Hatton – photo by Matt Winkelmeyer – Getty Images

«Ես ու իմ լավ ընկեր ու նաեւ գործընկեր Փոլ Սլոանը (որն ինձ հետ միասին խաղում է նաեւ ֆիլմում) գրեցինք մի սցենար, որպեսզի ցույց տայինք, թե ինչերի միջով ենք անցնում մենք՝ ֆիլմ արտադրողներս, մինչեւ, որ ստեղծում ենք ժապավենը։ Ֆիլմում ներկայացված շատ բաներ տեղի են ունեցել մեզ հետ, որոշներն էլ հնարված են եւ փոքր-ինչ չափազանցված, որպեսզի սցենարն ավելի հետաքրքիր լինի։ Կարծում եմ՝ հանդիսատեսն էլ կցնցվի՝ բացահայտելով այդ ամենի ճիշտ եւ սխալ կողմերը»,-NEWS.am STYLE-ի հետ զրուցում նշեց ռեժիսորը։

Նրա խոսքով՝ ֆիլմը պատմում է հոլիվուդյան հզոր գործակալի (Նիք Քենոն) մասին, որը փորձում է գրավել հայտնի դերասանին (Ալեք Բոլդուին)՝ պատմելով մի  պրոդյուսերի (Մայք Հեթոն) եւ կինոաստղի (Փոլ Սլոան) պատմությունը, որոնք ժամանակի դեմ են դուրս գալիս, որպեսզի փրկեն իրենց վերջին արտադրությունը։ Դա տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ նախագծի բանկային հաշիվը թալանվում է, ինչը հանգեցնում է հայտնի դերասանների (Միքի Ռուրկ, Տարա Ռեյդ, Թիլ Շվայգեր) եւ նարկոբարոնների հետ բանակցությունների:

paul sloan approved headshot.JPG (68 KB)

Paul Sloan – Ovidiu Hrubaru – Almay

Հեթոնի խոսքով՝ կինոսերներին զավեշտալի ու հետաքրքիր արկածային ժապավեն է սպասվում, որն ավելի գունեղ են դարձնում աստղային կազմն ու պրոֆեսիոնալ անձնակազմը։

Ռեժիսորն, ի դեպ, Հայաստանում եղել է տարիներ առաջ, երբ Արման Նշանյանի եւ Ասկո Ակոպյանի հետ զբաղված էին HBO-ի «Վրիժառուի օրագրերը» ֆիլմի նկարահանումներով։ «Դա ինձ համար հրաշալի փորձ էր, եւ ես տպավորված էի այդտեղ աշխատող դերասանների եւ անձնակազմի տաղանդով։ Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ, եւ նույն խմբով կաշխատենք նոր նախագծի շուրջ»,-հավելեց նա։

image3.jpeg (39 KB)

Պրոդյուսեր Ասկո Ակոպյանը նշեց, որ Մայք Հեթոնի հետ համագործակցության սկիզբը դրվել է մեկ տարի առաջ, երբ ռեժիսորից ստացել է հերթական զանգը։ «Մայքն ինձ զանգահարեց, հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է իմ կերպարն ընդգրկել մի ֆիլմում, որի սցենարը գրել էին Փոլ Սլոանի հետ համատեղ։ Նա առաջարկեց օգնել իրեն ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով։ Ես երկու առաջարկին էլ համաձայնվեցի եւ միասին սկսեցինք աշխատել ժապավենի շուրջ»։

Ըստ պրոդյուսերի՝ ֆիլմի դերասաններին ընտրել են՝ ելնելով այդ աստղերի հանդեպ սեփական համակրանքից։ «Նրանք իրենց կերպարներին են մարմնավորում, բայց գեղարվեստորեն։ Բոլորին սցենարը դուր եկավ եւ որոշեցին միանալ մեր գաղափարին»։

39rRDNmwly3BKyAvZG5vHqO5KK.jpg (38 KB)

Արման Նշանյանին Ֆիլմում վստահվել է բավական պարտավորեցնող կերպար․ նա մարմնավորում է պրոդյուսեր Ասկո Ակոպյանին, որը ոչ  միայն իր գործընկերն է, այլեւ՝ մտերիմ ընկերը․

«Դերս հիմնված է պրոդյուսերի՝ Ասկո Ակոպյանի կերպարի վրա, բայց ամբողջությամբ ինքը չէ։ Շատ դրական, բարի հայի կերպար է։ Ունի լայն հնարավորություններ, բայց իր բիզնեսն, իր գործը իր համար առաջին տեղում են։ Նա գնում է իր շահի հետեւից, բայց այդ ճանապարհին փորձում է չկոտրել նաեւ ընկերներին։ Բավական հագեցած կերպար է, որն, իհարկե, ինչ-որ շերտերով նմանություն ունի Ասկոյին, բայց կան իրեն ոչ այնքան բնորոշ գծեր եւս»,-պատմեց դերասանը։

Արմանի խոսքով՝ ֆիլմում հանդիպում են զավեշտալի պատմություններ, որոնք իրականությանը շատ մոտ են։ Օրինակ՝ ինչ դժվարությունների են հանդիպում պրոդյուսերները, երբ նախագծերում ընդգրկում են աստղերի, ինչպես են դիմանում նրանց՝ երբեմն ամենատարօրինակ  քմահաճույքներին։ Արմանն, առհասարակ, զավեշտալի է համարում կինոաշխարհի կյանքը եւ նշում է, որ մեծ սիրով է վերադարձել նկարահանման հրապարակ։

a4ddc36b-4bad-4f10-bc3c-eabc4f55b2b7.jpg (335 KB)

«Ես շատ եմ սիրում կատակերգական ժանրը, եւ սիրով ընդունեցի առաջարկը։ Նաեւ շատ հաճելի է աշխատել ընկերներիս հետ, որոնց շատ շնորհակալ եմ՝ ռեժիսոր Մայք Հեթոնին, սցենարիստ Փոլ Սլոանին, եւ, իհարկե, Ասկո Ակոպյանին, որն, իմ կարծիքով, շատ տաղանդավոր պրոդյուսեր է եւ ունի շատ փայլուն ապագա։ Մենք արդեն մի քանի նախագիծ արել ենք միասին, շատերն էլ առջեւում են, եւ նա ամեն անգամ ինձ զարմացնում է իր քայլերով»։

Թիլ Շվայգերի տեսարանները նկարահանվել են Իսպանիայում։ Դերասանը զբաղվածության պատճառով չի կարողացել մեկնել Լոս Անջելես, փոխարենը՝ ֆիլմի անձնակազմն է մեկնել նրա մոտ։

«Ես շատ զբաղված էի այդ շրջանում․ ասացի՝ հավանել եմ սցենարը, բայց, ցավոք, չեմ կարող գալ Լոս Անջելես։ Ինձ ասացին, որ խնդիր չկա, իրենք կգան ինձ մոտ։ Այդպիսով, մեկ շաբաթվա ընթացքում ֆիլմի կազմը ժամանեց Մալյորկա, որտեղ նկարահանումներն արեցինք իմ հյուրանոցում։ Այնտեղ պարահանդեսի տեսարան ենք նկարահանել՝ շատ զավեշտալի տեսարաններ են սպասվում դիտողներին»,-պատմեց դերասանը։

Til Schweiger Approved.JPG (62 KB)

Til Schweiger – Courtesy of Artist International Group

Թիլը Միքի Ռուրկի հետ աշխատելու առիթներ ունեցել էր, բայց Արման Նշանյանի հետ առաջին անգամ էին հանդիպում նկարահանման հրապարակում․

«Արմանը հրաշալի դերասան է։ Միասին երկու տեսարանում ենք նկարահանվել, եւ նա հիասքանչ աշխատանք է կատարել»,-ասում է Շվայգերը։

Դերասանը ֆիլմում մարմնավորում է մի շատ հաջողակ ռուս կինոաստղի, որը նաեւ ռեժիսոր է։ «Արմանի կերպարը ֆիլմի ռեժիսորին, որը մեծ գումար էր պարտք մաֆիային, առաջարկում է հանդիպել իմ կերպարի հետ, որն իր անտաղանդ դստեր հետ ցանկանում էր հայտնվել Հոլիվուդում։ Նրա դերում, ի դեպ, հենց իմ դուստրն է՝ Լունան»,-խոսելով իր կերպարի մասին՝ մանրամասնեց գերմանացի կինոաստղը։

Թիլի ու Արմանի ծանոթությունն, ի դեպ, նոր համագործակցության առիթ է հանդիսացել, որի մասին առանձին կպատմենք։

Ինչ վերաբերում է «Հոլիվուդյան կողոպուտ»-ին, պրոդյուսեր Ասկո Ակոպյանի խոսքով՝ այն այս պահին մոնտաժային փուլում է։

image1.jpeg (56 KB)

Nick Cannon – Courtesy of NCredible Entertainment

«Հետարտադրողական գործընթացը, կարծում եմ, կավարտվի երկու ամսից։ Հուսով ենք՝ նախքան համաշխարհային պրեմիերան ֆիլմը կկարողանանք ներկայացնել մի մեծ կինոփառատոնի։ Թողարկման կոնկրետ ամսաթիվը կհրապարակենք ավելի ուշ։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից»,-ասաց պրոդյուսերը՝ հավելելով,-«Hollywood Heist-ը զավեշտալի կինոնկար է, որը պատմում է Հոլիվուդի մասին՝ ներկայացնելով մի շարք հայտնի կինոաստղերի։ Սպասումներս, իհարկե, մեծ են։ Զգում ենք, որ այն մեծ հաջողություն կգրանցի»։

news.am