Թեթև մարզումը բարելավում է ուղեղի աշխատանքը, երբ կա քնի պակաս. Physiology & Behavior
Advertisement 1000 x 90

Թեթև մարզումը բարելավում է ուղեղի աշխատանքը, երբ կա քնի պակաս. Physiology & Behavior

20 րոպեանոց մարզումը կարող է մեղմել վատ քնի ազդեցությունն ուղեղի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Physiology & Behavior ամսագրում:

Մեծահասակներին խորհուրդ է տրվում քնել օրական յոթից ինը ժամ, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի բնակչության 40%-ը տառապում է քնի պակասից: Քնի քրոնիկ անբավարարության հետևանքները ներառում են սրտանոթային հիվանդություն, գիրություն, նեյրոդեգեներատիվ խանգարումներ և դեպրեսիա: Կարճաժամկետ հեռանկարում քնի պակասը կարող է խաթարել մարդու տրամաբանելու և կենտրոնանալու ունակությունը:

Նոր հետազոտությանը մասնակցել է 24 մարդ: Առաջին փորձի ժամանակ մասնակիցները երեք գիշեր անընդմեջ հինգ ժամ են քնել, ինչը նման է հերթափոխով աշխատողների կամ փոքր երեխաների ծնողների կենսապայմաններին։ Երկրորդ փորձի ժամանակ մարդիկ մեկ օրով զրկվել են քնից, որից հետո նրանց տեղակայել են թթվածնի պակասի պայմաններում. նմանատիպ իրավիճակների հաճախ են հանդիպում լեռնագնացներն ու դահուկորդները։

Երկու դեպքում էլ բոլոր մասնակիցների մոտ 20 րոպե հեծանիվ վարելուց հետո ճանաչողական գործառույթի բարելավում է գրանցվել: Գիտնականներն ասում են, որ ավելի ծանր վարժությունները կարող են վատթարացնել քնից զրկվելու սթրեսը և էլ ավելի նվազեցնել մտավոր աշխատանքը:

Հետաքրքիր է, որ երեք օրվա ընթացքում քնելու ժամանակը մինչև հինգ ժամ կրճատելը տարբեր ազդեցություն է ունեցել մասնակիցների ուղեղի աշխատանքի վրա: Սա կարող է նշանակել, որ որոշ մարդիկ ավելի դիմացկուն են քնի՝ թեթև և չափավոր պակասի նկատմամբ: Այնուամենայնիվ, չափավոր ինտենսիվության վարժությունները բարելավել են բոլոր մասնակիցների կատարողականությունը։