Ֆրեդերիկ Շոպենի անհայտ վալսը հայտնաբերվել է Նյու Յորքի գրադարանում՝ հույզերի փոթորիկ առաջացնելով դասական երաժշտության աշխարհում։
New York Times-ի տվյալներով՝ Ռոբինսոն Մակքելանը դասավորում էր մշակութային մասունքների հավաքածուն գրադարանի եւ Մորգանի թանգարանի (Մանհեթեն) արխիվը, երբ գտել է ձեռագիր՝ քարտի չափով եւ վերին անկյունում գրված անվամբ՝ Շոպեն։
Նա իր գտածոյի լուսանկարը ցույց է տվել Փենսիլվանիայի համալսարանի Շոպենի ստեղծագործության առաջատար հետազոտող Ջեֆրի Քալբերգին։ «Ծնոտս կախվեց»,- ասել է Քալբերգը Times-ին։ «Ես հասկացա, որ երբեք մինչ այժմ դա չէի տեսել»։
Թղթի, թանաքի, ձեռագրի եւ երաժշտական ոճի մանրազնին ուսումնասիրությունից հետո Մորգանի թանգարանը եկել է այն եզրահանգման, որ ստեղծագործությունն իսկապես լեհ մեծ կոմպոզիտորի անհայտ վալսն է։ Այս նշանակալի հայտնագործությունը իր տեսակի մեջ առաջինն է ավելի քան կես դարում։
Ձեռագիրը թվագրված է 1830-1835թթ., երբ Շոպենը մոտ 20 տարեկան է եղել, եւ երաժշտությունը շատ բանով տարբերվում է կոմպոզիտորի սովորական ոճից։
Չնայած ստեղծագործությունը համարվում է ավարտված, այն ավելի կարճ է Շոպենի մյուս վալսերից. ընդամենը 48 տակտ կրկնությամբ, կամ մոտ 80 վայրկյան։