Կեսօրից սկսած ադրբեջանական կողմը Facebook-ում հայկական անուն-ազգանունով կեղծ էջեր է գործի դրել, որոնք ռուսերեն ու հայերեն գրառում են անում, իբր, հայկական կողմի կորուստների մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մարտական կորուստներից հետո Ադրբեջանը ուժերը փորձում է վիրտուալ տիրույթում: Գործի են դրվել մի շարք Fake էջեր, որոնք ներկայանալով իբր հայեր, նշում են, թե սահմանից էքսկլյուզիվ տեղեկություններ ունեն ու հայկական կողմի կորուստների մասին ցնդաբանություններ են գրում Facebook-ում: Այդ գրառումներն այնուհետ տեղադրվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ ներկայացվելով, իբր, հայերի անունից գրված գրառումներ: Ըստ երևույթին, փորձ է արվում մեղմել ադրբեջանական կողմի կրած մարդկային կորուստների վերաբերյալ այդ երկրի բնակչության զայրույթը: Պարզապես պետք է ուշադիր լինել և «կուլ չտալ» քարոզչական խայծերը: Սոցցանցերից օգտվող ԶԼՄ-ներից ևս աչալրջություն ենք ակնկալում»,-ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ողջ օրվա ընթացքում DDoS հարձակում է իրականցվում հայկական Razm.info կայքի դեմ: «DDoS-ի պատճառն այն է, որ կայքը ադրբեջաներեն լեզվով ճշմարիտ տեղեկատվություն է հրապարակում սահմանային լարվածության վերաբերյալ»,-հավելեց փորձագետը: