Օրերս Երևանում տեղի ունեցավ դիզայներ Վահան Խաչատրյանի BIAYNI ապրանքանիշի նորաձևության ցուցադրությունը:
Dalma Garden Mall-ում գարնանային տրամադրություն էր. չափազանց գեղեցիկ զարդարված runway, հայ ամենահայտնի կանայք՝ իրենց փոքրիկների հետ`մոդելների փոխարեն, վառ, գարնանային գույներ և յուրահատուկ պրինտեր:
Վահան Խաչատրյանի ցուցադրությանը իրենց երեխաների հետ մասնակցում էին Լուսինե և Իրինա Թովմասյանները, Մայա Պողոսյանը, Գոհար Հայրապետյանը և այլ հայտնի ու գեղեցիկ հայ կանայք: Ստացվել էր բարի, անկեղծ, ինչ-որ տեղ հուզիչ ու աչք շոյող ցուցադրություն:
Ամեն բան իդելական կլիներ, եթե չլիներ մեկ բայց…ցուցադրությունից անմիջապես հետո ներկաները Վահան Խաչատրյանի ցուցադրությունը սկսեցին համեմատել Dolce & Gabbana Ա/Ձ 2017 ready-to-wear հավաքածուի հետ: Իտալական հայտնի նորաձևության տունը ընդամենը 1 ամիս առաջ էր ներկայացրել նմանատիպ հավաքածու, որում ևս հայտնի կանայք և Dolce & Gabbana –ի հաճախորդներն իրենց երեխաների հետ ներկայացնում էին ապրանքանիշի հագուստները: Նմանություն մենք նույնպես նկատեցինք և որոշեցինք այս թեմայով զրուցել դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:
«Կոնցեպտը, բնականաբար, նման է ,- Wnews.am–ի հետ զրույցում նշեց դիզայները,- որովհետև քայլում էին մեր իրականության հայտնի դեմքերը, բայց դա նորություն չէ համաշխարհային նորաձևության մեջ և բավականին կրկկնվող է: Ես իմ առաջին ցուցադրությանը, որը կայացել է դեռևս 4 տարի առաջ, նույն բանն եմ արել՝ էլի «Միսս Հայաստան»-ներն էին քայլում: Բնականաբար, խոսակցություններ կլինեին՝ հատկապես, որ բոլորովին վերջերս էր Dolce & Gabbana-ի ցուցադրությունը, բայց ես վատ բան չեմ տեսնում դրա մեջ, ընդհակառակը, որ քայլում ես ժամանակի հետ և համեմատվում մեծ նորաձևության տների հետ, նույնիսկ ինձ համար կոմպլիմենտ է: Մարդիկ ինչ-որ իրադարձությանը կարող են նայել տարբեր կողմերից՝ փորձել գտնել թերություններ ու վատաբանել կամ հաճույք ստանալ»:
Ներկայացնում ենք լուսանկարներ Վահան Խաչատրյանի ցուցադրությունից.