Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերվել են հազվագյուտ նյութեր 19-րդ դարի վերջերին Բաթումում ապրած հայերի մասին: Այս մասին տեղեկացրեց վրացի կինոգետ Բագրատ Թավբերիձեն, ով օգտագործելու է նյութերը Բաթումի հայերի մասին պատմող նոր գրքում:
Նրա համահեղինակած առաջին «Բաթում. պատմությունը դեմքերով» (Батуми. история в лицах) գիրքը, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել Երևանում, պատմում է 20-րդ դարի բաթումցիների մասին:
«Գրքի աշխատանքները տևել են շուրջ 2 տարի: Ամենևին նպատակ չենք ունեցել գրքում ներկայացնել միայն բոլորին շատ լավ հայտնի մարդկանց: Գրքում տեղ է գտել թամադան, կոշկակարը և ուղղակի քաղաքի կոլորիտային դեմքերը: Գրքում տեղ գտած մի շարք կերպարներից 38-ը հայեր են: Համահեղինակը վրացի լրագրող Էլինա Գուրգենիձեն է: Ռուսերենով լույս տեսած գիրքը 800 էջից է բաղկացած, ունի 1760 հազվագյուտ նկարներ, որոնք ներկայացնում են ինչպես քաղաքը, այնպես էլ հենց այդ մարդկանց կենցաղը: Գրքում տեղ են գտել Բաթումի բուսաբանական այգու պատմությունը, լրագրողի՝ քաղաքի մասին երկու պատմվածք և այլն: Աշխատել ենք այնպես անել, որ գիրքը կարդալուց մարդ մտովի տեղափոխվի հին ժամանակների Բաթում, որը, ցավոք, այսօր գոյություն չունի»,- ասաց գրքի համահեղինակը:
Նա տեղեկացրեց, որ այս գրքի հրատարակման հարցում մեծ աջակցություն են ունեցել տարբեր երկրներում ապրող բաթումցիները, ինչպես նաև մի շարք հայեր:
«Կարելի է ասել՝ այն ազգային գիրք է, քանի որ Ամերիկայում, Իսրայելում, Հունաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում ապրող բաթումցիների պատվերն է եղել, նրանք ցանկացել են ունենալ նման գիրք: Բայց միայն այդ ֆինանսավորումը բավարար չէր: Մեծ դեր են խաղացել հայերը, ովքեր շատ ջերմ ընդունեցին և կազմակերպեցին շնորհանդեսն այստեղ: Նախաձեռնության հենց սկզբից մեզ ոգևորել և աջակցել են Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բաթումում Հայաստանի նախկին հյուպատոս Արամ Գրիգորյանը, ռուսաստանաբնակ գործարար և այլք»,- նշեց նա:
Գրքի շնորհանդեսը Բագրատ Թավբերիձեի՝ Հայաստան կատարած այցի միակ նպատակը չէ: Նա պատրաստվում է աշխատել իր երկրորդ գրքի ուղղությամբ, որին աջակցելու հարցում շահագրգռվածություն է հայտնել նաև Սփյուռքի նախարարությունը:
«Ազգային արխիվում շատ տվյալներ ենք գտել Բաթումի հայերի մասին: Մենք իմացել ենք, որ հայերի մասին պատմող սկզբնական աղբյուրները գնում են դեպի 1894 թվականները, սակայն բացահայտել ենք, որ 1883-84 թվականներին Բաթումում արդեն կային հայկական ուսումնարաններ»,- ներկայացրեց գրքի համահեղինակը:
Կինոգետի՝ Հայաստան գալու երրորդ նպատակը նրա պապն է, ով ազգությամբ հայ է, ծնվել է Դիլիջանում:
«Այս տարի պապիս մահվան 45-րդ տարելիցն է: Նա Դիլիջանից հետո մեկնել է Վրաստան, սովորել է Թբիլիսիի արդյունաբերական ուսումնարանում, ապա ծանոթացել վրաստանաբնակ տատիս հետ, ով նույնպես հայ է: Պապիս բուսաբանության վերաբերյալ տարբեր աշխատանքներ ունի, որոնց հիման վրա Ռուսաստանում մի շարք այլ աշխատություններ են կառուցվել: Այժմ ես այստեղ եմ նաև պապիս ճանապարհով հետ գնալու համար՝ Վրաստան, ապա Հայաստան, Երևան, շուտով կանգ եմ առնելու Դիլիջանում, որտեղ և նա էր ծնվել»,-եզրափակեց Բագրատ Թավբերիձեն: