Ի՞նչ 3 իրեր էին նախկինում պարտադիր դնում սեղանին. ատամհատիկի իրական խորհուրդն ու փոխակերպումը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ 3 իրեր էին նախկինում պարտադիր դնում սեղանին. ատամհատիկի իրական խորհուրդն ու փոխակերպումը

Ատամհատիկը հին հայկական ժողովրդական տոն է:  Հնում այն ուներ պտղաբերության և առատության խորհուրդ: Տարբեր բարբառներում այն տարբեր բառերով են կոչում. օրինակ՝ Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում՝ հատիկ, Շիրակում՝ ակռահատիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ կամ սեղքահատիկ:

Բայց ինչ էլ կոչեն, ազգագրագետներն այս միջոցառումը համարում են ծես և ոչ թե խնջույք:  Կարգն այսպիսին էր՝ տան տատիկը նախապես պետք է ընդեղենի և ոլոռազգիների խառնուրդ պատրաստեր՝ խաշած ցորենի, սիսեռի, լոբու, գարու հատիկներով: Երբեմն ավելացնում էին նաև քաղցր պտուղներ՝ օրինակ չիր, ինչպես նաև չարազ: 7 տեսակի հատիկ լցնելու սովորույթը, ըստ ազգագրագետների, պարտադիր պայման չէ ու սնահավատության պես բան է:

Հատիկավորները, ինչպես հայտնի է,  առատության խորհրդանիշն են: Հենց այդ սիմվոլը փոխանցելու և մյուս ատամների ծկլթումը հեշտացնելու համար փոքրիկի շուրջ էին հավաքվում հարազատները,  նստեցնում սեղանի վրա, գլխին կտոր գցում ու հատիկավորները լցնում վրան:

Տարիների ընթացքում ատամհատիկի ծեսը վերածվեց մասնագիտություն կանխագուշակելու սովորության, բայց հատիկավորներ եփելու սովորույթը մնաց: Նախկինում փոքրիկի առջև երեք իր էին դնում՝ հայելի, սանր ու դանակ: Հայելին խորհրդանշում էր առատությունը, չէ՞ որ այն բազմապատկում է այն ամենը, ինչ հայտնվում է արտացոլանքի մեջ, դանակը խորհրդանշում էր ուժը, իսկ սանրը՝ ատամների հավասարությունը:

Այսօր  ծեսը կերպարանափոխվել է: Ծնողներն այն վերածում են իսկական խնջուքի:  Նախապես հարդարում են տունն ատամի պատկերներով, սեղան են գցում ընդեղենով, մրգով, չիր ու չամիչով:  Հաճախ նաև ադի-բուդի, աղանձ, սուջուխ ու տարբեր քաղցրավենիքներ են դնում սեղանին: Պատվիրում են տորթ ատամի  ֆորմայով, անգամ տարոսիկներ են պատրաստում:

Հետո գալիս է ամենասպասված պահը: Երեխային նստեցնում են հատակին՝ գորգին, գլխին կտոր գցում ու հատիկեղենը դանդաղ լցնում վրան: Իսկ մինչ այդ պատրաստում են մասնագիտության սիմվոլները:

Կա մի քանի տարբերակ՝ երեխայի առջևում դնում են մասնագիտությունը խորհրդանշող իրեր՝ դրամապանակ, բժշկական գործիք, գիրք, գրիչ, քանոն, համակարգչի մկնիկ, մուրճ, խաղալիք օդանավ և այլն: Կամ թղթի կտորների վրա գրում են մասնագիտությունները, ծալում ու դնում փոքրիկի ոտքերի մոտ:

Մեկ այլ տարբերակով էլ՝ մասնագիտությունները գրում են թղթի վրա ու գցում փուչիկների մեջ: Եվ երբ փոքրիկի գլխի վրայից քաշում են կտորը, նա համապատասխանաբար վերցնում է իր առջև դրված իրերից մեկը, թղթերից մեկը կամ ընտրում է փուչիկներից մեկը: Իրերով կամ գրությամբ պայմանավորված՝ ծնողները կանխատեսում են, թե ինչ մասնագիտություն է ունենալու երեխան, երբ մեծանա:

Սիրելի ծնողներ, եկեք այս ծեսն ընկալենք խաղի պես ու միշտ հիշենք, որ ամենամեծ կանխագուշակումը ծնողի դաստիարակությունն է: Ինչ արժեքներ սերմանեք փոքրիկի մեջ, այդպիսի արժեքներով առաջնորդվելով՝ նա կընտրի մասնագիտություն: Իսկ թե ինչ մասնագիտություն, եկեք թույլ տանք՝ նա որոշի:

impoqrik.am