Ինչպես հասկանալ, որ երեխան ստում է
Advertisement 1000 x 90

Ինչպես հասկանալ, որ երեխան ստում է

Վաղ, թե ուշ ծնողները բախվում են այս խնդրին: Երեխաները հաճախ ստում են՝ փորձելով ծնողից թաքցնել իրենց արարքները: Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ստում է:

Դանդաղ կամ շատ արագ խոսք

Երբ ծնողը երեխային հարցնում է, թե ինչու է նա դպրոցից տուն վերադարձել մեկ ժամ ուշ, երեխան շատ արագ պատասխանում է, որ արտաժամյա դաս կար: Նա պատասխանում է անմիջապես, եթե նախապես որոշել էր ասելիքը: Հասկանալու համար՝ երեխան ստում է, թե ոչ, տվեք նրան ճշտող այլ հարցեր: Եթե երեխան ստում է, ապա պատասխանելուց առաջ երկար կմտածի, կկրկնի ձեր հարցը՝ ժամանակ շահելու համար:

Աչքերի խաղ՝ արագ փոխում է հայացքը կամ թարթում

Սա այն դեպքում, երբ երեխան վախենում է պատժից: Օրինակ՝ նա կարող է բակից տուն վերադառնալ ու ասել, որ խաղընկերը գնդակով կոտրել է հարևանի պատուհանը, սակայն իրականում դա նա է արել: Այստեղ կարևոր է, որ ծնողը չզայրանա և երեխայի հետ միասին փնտրի ռացիոնալ լուծում:

Ավելորդ շարժումներ

Փոքրիկ սուտլիկը պատմություն հորինելիս իրեն այնքան էլ լավ չի զգում: Դրա հետևանքով նա կարող է անընդհատ հագուստն ուղղել, ձեռքը տանել դեպի ականջը, քիթը քորել:

Չափից ավելի շատ էմոցիա

Հասարակ հարցերին՝ օրինակ՝ «ինչպե՞ս անցավ օրդ», նա կարող է պատասխանել շատ կոպիտ ու ասել՝ «հանգիստ թողեք ինձ», «ի՞նչ եք ցանկանում ինձնից»:

Էմոցիաներ, որոնք չեն համապատասխանում խոսքերին

Եթե դուք կարծում եք, որ երեխան ստում է, ուշադրություն դարձրեք նրա միմիկային: Ստելու դեպքում նրա խոսքերն ու էմոցիաները չեն համապատասխանի: Նա կարող է ասել, որ շատ ուրախ է ինչ-որ տեղ գնալու համար, սակայն նրա միմիկան այլ բան կհուշի:

Եթե երեխան սկսում է հաճախ ստել, վերանայեք ձեր հարաբերությունները: Գուցե, նա ձեզ չի վստահում կամ ունի խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ձեր օգնությունը: 

impoqrik.am