Տարեկան շուրջ 600 միլիոն մարդ կիբերհանցագործության զոհ է դառնում. Մայքրոսոֆթի ներկայացուցիչ
Advertisement 1000 x 90

Տարեկան շուրջ 600 միլիոն մարդ կիբերհանցագործության զոհ է դառնում. Մայքրոսոֆթի ներկայացուցիչ

Մտավոր սեփականության պաշտպանության առումով Հայաստանի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Այս մասին ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում մեկնարկած համանուն ֆորումի ժամանակ ասաց ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

«Չնայած դրան, խախտումների քանակը Հայաստանում շատ է, քանի որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները միշտ չէ որ համագործակցում են իրավապահների հետ՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում»,- ասաց նա:

Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթը կարևորեց մտավոր սեփականությունը պաշտպանելու համար կոալիցիայի ձևավորումը: Նրա խոսքով` պետք չէ գործել անհատապես, քանի որ աշխարհում հիմա ամեն բան թվայնացված է և պաշտպանության կարիք ունի:

«Թվայնացված աշխարհում գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգության հարցն է: Ամեն բան թվային է՝ առևտուրը, բանկային ծառայությունները, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը և այլն: Տարեկան կիբերհանցագործության հետևանքով զոհերի թիվը կազմում է մոտ 600 մլն մարդ», – ասաց Սիգնորեթը` հավելելով, որ Մայքրոսոֆթը հետևում է ծրագրային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են համակարգը պաշտպանելու համար: Նա նաև հավելեց, որ ընկերությունը ուղարկում է անհրաժեշտ թարմացումներ, ինչպես նաև կարողանում է պարզել վիրուսային հարձակման ենթարկված IP հասցեները:

Սիգնորեթի ներկայացմամբ` Հայաստանում ցանցահենության 86%-ը ծրագրային է, ինչն անհանգստության տեղիք է տալիս:

«Մտավոր սեփականության իրավունքներն» այն իրավական մեխանիզմներն են, որը հեղինակային իրավունքի, պատենտավորման ու ապրանքանիշերի միջոցով երաշխավորում է մեր գնած ապրանքներիիսկությունն ու այն, որ մեր գաղափարները չյուրացվեն ուրիշների կողմից: