Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմին զուգահեռ Թուրքիայի իշխանությունների ջանքերով նկարահանված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը կատարյալ ձախողում է գրանցել: Այս մասին են վկայում ֆիլմի մասին կինոքննադատների կարծիքներն ու կինոթատրոններում տոմսերի քիչ վաճառքը:
Միացյալ Նահանգների 216 կինոթատրոններում մարտի 10-ից ցուցադրության հանված ֆիլմը մարտի 23-ի դրությամբ հավաքել է ընդամենը 240,978 ԱՄՆ դոլար:
Ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազայում` IMDb-ում, ֆիլմի վարկանիշը խիստ ցածր է` 4.7:
Կինոքննադատների գնահատականները ևս խիստ բացասական են: Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշն ընդամենը 21 տոկոս է: Գրախոսությունների ճնշող մեծամասնությունը բացասական է, ընդ որում նշվում է, որ ֆիլմի հեղինակները նպատակ են ունեցել «խեղաթյուրել պատմությունը»:
Metacritic-ում ևս ֆիլմը ցածր գնահատական ունի` 26: Ընդ որում, բոլոր հոդվածները քննադատական են:
«Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք սպայի և ամերիկուհի բուժքրոջ սիրո մասին: Այստեղ շեշտադրված է այն գաղափարը, որ Օսմանյան կայսրության տարբեր ազգերի ներկայացուցիչները զոհվել են բացառապես պատերազմական գործողությունների հետևանքով: