Adme.ru-ն գրում է, որ հիմնական եկամտի մասին գաղափարը հայտնվել է դեռ նախորդ դարում։ Յուրաքանչյուր ամիս պարզապես որոշակի գումար եք ստանում՝ ձեր հայեցողությամբ ծախսելու համար։ Կայքը ներկայացրել է, թե աշխարհի որ երկրներում են մարդկանց պարզապես գումար հատկացնում յուրաքանչյուր ամիս։
Ֆինլանդիա։ Կառավարության որոշմամբ՝ 2017թ. Ֆինլանդիայի 25-58 տարեկան 2000 գործազուրկ բնակիչ յուրաքանչյուր ամիս 560 եվրո գումար է ստանում։ Ստացողներն ընտրված են պատահականորեն, նրանք զրկվում են մյուս սոցիալական նպաստներից, բայց շարունակում են գումարը ստանալ աշխատանք գտնելու դեպքում։ Դրական արդյունքների դեպքում գումար ստացող մարդկանց թիվը հաջորդ տարի կավելանա։ Փորձնական ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Ֆինլանդիայում միջին աշխաավարձը կազմում է 2202 եվրո։
Լիվորնո, Իտալիա։ Քաղաքապետի որոշմամբ՝ 2016թ. հունիսի 1-ից քաղաքի 100 ամենաաղքատ ընտանիքները յուրաքանչյուր ամիս 517 եվրո են ստանում։ 2017թ. հունվարից ծրագրում ներառվել է ևս 100 ընտանիք։ Միջին աշխատավարձը կազմում է 1480 եվրո։
Քենիա։ GiveDirectly ոչ առևտրային կազմակերպության շնորհիվ Քենիայի 600 գյուղաբնակ առաջիկա 12 տարիների ընթացքում յուրաքանչյուր ամիս 22 դոլար կստանա։ Տեղի բնակչության համար սա բավական մեծ գումար է. նրանց 45 տոկոսը երբեք այդքան գումար չի ունեցել։ Փորձնական ծրագրի շատ մասնակիցներ հայտնել են, որ գումարը ծախսել են տների վերանորոգման, խմելու ջուր հավաքելու կամ դպրոցների զարգացման նպատակով։ Քենիայում միջին աշխատավարձը կազմում է 291 դոլար։
Ուտրեխտ, Նիդեռլանդներ։ 2017թ. մայիսից Ուտրեխտի 250 բնակիչ պետությունից յուրաքանչյուր ամիս 960 եվրո կստանա 2 տարվա ընթացքում։ Փորձնական ծրագրի մասնակիցները բաժանված են 6 խմբի, որոնցում գումարի չափը կապված է աշխատանքային որոշակի պահանջների հետ։ Օրինակ՝ խմբերից մեկի անդամները կարող են լրացուցիչ 150 եվրո ստանալ կամավորությամբ զբաղվելու դեպքում։ Եթե փորձնական ծրագիրը հաջողություն ունենա, մի քանի քաղաք ևս կմիանա դրան։ Ուտրեխտում միջին աշխատավարձը կազմում է 2227 եվրո։
Մարիկա, Բրազիլիա։ Մարիկայի քաղաքապետի որոշմամբ՝ համայնքի 150.000 բնակիչ յուրաքանչյուր ամիս 30 դոլար կստանա։ Սոցիալական վատ վիճակում գտնվողները հավելյալ 28 դոլար կստանան։ Դրական արդյունքների դեպքում տրվող գումարի չափը կմեծանա։ Ռիո դը Ժանեյրո նահանգում, որի կազմում մտնում է Մարիկան, միջին աշխատավարձը կազմում է 642 դոլար։
Հնդկաստան։ Հնդկաստանի կառավարությունը 2017թ. պատրաստվում է գործարկել փորձնական ծրագիրը, որը դեռ 7 տարի առաջ լուրջ արդյունքներ է գրանցել։ UNICEF-ի աջակցությամբ գյուղերի 6000 բնակիչ 18 ամիս մի քանի դոլարի օգնություն է ստացել։ Ծրագիրը լուրջ ազդեցություն է ունեցել «անձեռնմխելիների» ընտանիքների վրա։ Հնդկաստանի քաղաքներում միջին աշխատավարձը կազմում է 535 դոլար։
Օնտարիո, Կանադա։ 2017թ. մայիսից 18-64 տարեկան 400 մարդ, ովքեր ցածր եկամուտներ ունեն, կառավարությունից հիմնական եկամուտ կստանան։ Դրա չափը կազմվում է նրանց աշխատավարձին համապատասխան։ Օրինակ՝ եթե քաղաքացին մեկ տարվա ընթացքում 10 հազար դոլար աշխատի, ապա հիմնական եկամուտը կկազմի 11.989 դոլար։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ լրացուցիչ 500 դոլար կստանան։ Օնտարիոյում միջին աշխատավարձը կազմում է 2216 դոլար։
Ուգանդա։ Eight ոչ առևտրային կազմակերպությունը 2017թ. գյուղերից մեկում 50 ընտանիքի յուրաքանչյուր ամիս 8 դոլար կվճարի։ Փորձնական ծրագիրը կշարունակվի 2 տարի և կդառնա վավերագրական ֆիլմի հիմք. ֆիլմն այն մասին է, թե ինչպես է հիմնական եկամուտն ազդում կյանքի որակի վրա փոքր բնակավայրերում։ Ուգանդայի քաղաքներում միջին աշխատավարձը կազմում է 168 դոլար։
Օքլենդ, ԱՄՆ։ 2017թ. հունվարից 100 ընտանիք յուրաքանչյուր ամիս 2000 դոլար կստանա Y Combinator ֆոնդից։ Ընտանիքներն ընտրվել են պատահականության սկզբունքով։ Մասնակիցները կարող են հրաժարվել աշխատանքից, դառնալ կամավորներ և նույնիսկ հեռանալ երկրից։ Կազմակերպիչները ծրագրում են ընդգրկել ևս 900 ընտանիքի։ Հիմնական եկամուտը կտրամադրվի մինչև 2021թ.։ Օքլենդում միջին աշխատավարձը կազմում է 3215 դոլար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը