Մարդ արարածը ունի իր ցանկությունները, երազները, վախերն ու հավատալիքները, որոնք տարբեր են ամեն մի հասարակության համար: Նույնը վերաբերում է նաև սեռական ընկալումներին և վարքագծին: Կյանքի ընթացքում մարդկանց սեռական կարողությունները ունենում ենտարբեր դրսեվորումներ: Ազատ հասարակություններում դրանք ամբողջությամբ կարող են դրսեվորվել, իսկ փակ հասարակություններում մնում են մասամբ կամ ամբողջությամբ անիրականանալի:
Համեմատելով վերոնշյալը սեռական վարքի հետ, տեսնում ենք, որ երեխաները այդ վարքը իրենց ծնողներից ձեռք են բերում հասարակության համար ընդունելի նորմերի շրջանակում` արական և իգական սեռերը առանձին բնորոշ գծերով: Եթե երեխաներն ունեն հանդուրժող և գիտակ ծնողներ, ապա նրանց սեռական կարողությունները կարող են դրսեվորվել և զարգանալ, իսկ սխալ կրթությունը նրանց մեջ սերմանում է ամաչկոտության, կոմպլեքսի, վախի և մեղքի զգացողություն: Հետևաբար, ոմանց համար սեքսը հանդիսանում է որպես`ագրեսիայի դրսեվորում, իսկ ուրիշների`սիրո:
Սեռական դաստիարակությունը նմանեցնում են` լեզվի ուսուցման հետ: Ինչպես երեխաները լույս աշխարհ են գալիս խոսալու բնատուր կարողությամբ և հետագայում ձեռք են բերում այդ հասարակության կամ ազգի լեզվով խոսալու կարողությունը, նույնպես մանուկները սովորում են տվյալ հասարակության «սեռական լեզուն»: Երբ այս հասարակությունը ունի լավ ծնողներ, ապա այդ «լեզվի» ուսուցումը ճիշտ հիմքերի վրա է լինում:
Ինչպես մարդկային լեզուն, այնպես էլ «սեռական լեզուն» արտացոլում են տվյալ ազգի կամ հասարակության փիլիսոփայությունն ու պատկերացումները: Իսկ սեռական վարքը ընդհանուր արմամբ արտացոլում է տվյալ հասարակության արժեհամակարգը: Այսպես, ազատական և բաց հասարակություններում սեքսը դիտում են որպես հաճույքի և սիրո զգացողության միջոց, իսկ ճնշված և խստաբարո հասարակություններում` որպես արգելվածի ու վախի զգացողություն: Հետևաբար կարևոր է պարզել, թե ինչպե՞ս են ընդունում տղամարդն ու կինը իրենց հասարակության սեռական ստանդարդները, ի՞նչ է կազմում այդ ստանդարդի հիմքը և ո՞րն է սեքսի նշանակությունը:
Շատ հասարակությունների համար սեքսի նշանակությունը բխում է կրոնական հավատալիքներից: Կան հասարակություններ, որոնք ունեն ազատ սեռական պատկերացումներ, ուրախ ու բավարարված են իրենց սեռական կյանքում: Ամեն մի հասարակության համար ընդունելի են սեռական նորմեր, որոնք կարգավորվում են օրենքով, սովորություններով, կրոնական արժեքներով և դրանք կոչված են լուծելու այդ հասարակության խնդիրներն ու իղձերը:
Սեռական վարքի փոփոխությունները ազդում են կյանքի այլ որորտների վրա: Հետևաբար, ինչպե՞ս պետք է փոփոխել սեռական արժեքները կամ կատարել սեռական հեղափոխություն` եթե այն բերելու է երեխաների սեռական դաստիարակության և հասարակության սովորույթների կտրուկ փոփոխությանը, խառնաշփոթի առաջացմանը, ամուսնությունների և ընտանիքի մոդելի փոփոխությանը: Սակայն միաժամանակ պետք է ընդունել, որ չկան մշտական անփոփոխ սեռական նորմեր: Հետևաբար հարց է առջանում թե արդյո՞ք պետք է փոխել մեր սեռական մոտեցումները: Իհարկե ոչ:
Նախ, արագ և արմատական փոփոխությունները անհնարին են, այնուհետև նույնիսկ նրանց կիրառումը ոչ թե լուծում է առկա սեռական կամ սոցիալական խնդիրները, այլ ավելացնում և բարդացնում է այն: Չպետք է պարտադրել նոր մոտեցումներ, այլ պետք է գիտակցաբար մերժել հին ոչ պիտանի արժեքներն ու ընդունել ցանկալի նորարություններ: Որոշ արժեքներ օբյեկտիվ եւ առողջարար են մի հասարակության, իսկ անհեթեթ կամ վնասակար մեկ այլ հասարակության համար:
Արևմտյան հասարակություններում` քաղաքական և տնտեսական ազատականացման հետ միասին, զարգացել է սեռական ազատությունը: Առաջացել է նաև սեռական ազատականացման միտում ոչ արևմտյան հասարակություններում, ինչպիսին է մեր հասարակությունը: Միտում է նկատվում անտեսելու նախապաշարումներն ու ավանդական մոտեցումները, հաղթահարելու վախը, ձեռքբերելու տեղեկություն և գիտելիքներ, հասնելու սեռական հավասարության: Իսկ այս բոլորը մեկ խոսքով կարելի է անվանել սեռական հեղափոխություն:
Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ
urolog.am