Երևանում տեղի կունենա «Ամեն» շոու-ներկայացման պրեմիերան
Advertisement 1000 x 90

Երևանում տեղի կունենա «Ամեն» շոու-ներկայացման պրեմիերան

«AMEN Project» ընկերության «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Ամեն» շոու-ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ  բացառիկ դերին։

«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:

«Ամեն»-ը բացառիկ միջազգային նախագիծ է։ Այն պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները և ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։

2017 թվականի օգոստոսին «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ`լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:

Նախագծի ստեղծագործական թիմ. կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր՝ Արաքսյա Մուշեղյան (Հայաստան-Ռուսաստան), լիբրետո՝ Էդուարդ Այանյան (Հայաստան), երգերի տեքստեր՝ Ջիոմմարիա Մոնթի (Իտալիա), Սուրեն Ենոքյան–Իսրայելյան (Հայաստան), բեմադրող-խորեոգռաֆ՝ Գրիգոր Խաչատրյան (Հայաստան), խորեոգռաֆներ՝ Արման Ջուլհակյան, Արա Ասատուրյան (Հայաստան), զգեստների դիզայն՝ Միքայել Շարաֆյան (ԱՄՆ), գլխավոր պրոդյուսեր՝ Հասմիկ Չախմախչյան (Ռուսաստան), պրոդյուսեր`Ելենա Շուբինա (Ռուսաստան):

Նախագծի մասնակիցներն են. Հովհաննես Այվազյան (Հայաստան) (տենոր), Հրաչուհի Բասենց (սոպրանո) (Գերմանիա), Դավիթ Բաբայանց (բարիտոն) (Հայաստան) և ուրիշներ: