Ճապոնիայի նավաշինական ընկերությունները հայտարարել են ինքնակառավարվող բեռնատար նավերի կառուցման ընդգրկուն նախագծի գործարկման մասին, տեղեկացնում է BBC-ն: Արհեստական ինտելեկտի օգտագործմամբ, այդ նավերի վրա տեղակայված սարքավորումը թույլ կտա օգտվել առավելագույնս անվտանգ, ամենակարճ և ամենահարմար երթուղիներից: Նախագծի հեղինակները վստահ են, որ արհեստական ինտելեկտը նաև թույլ կտա խուսափել ծովային պատահարներից: Մշակողները պլանավորում են այդ նավերը շահագործման հանձնել 2025 թվականին:
Ընդամենը ծրագրվում է կառուցել շուրջ 250 նավ: Նախագիծը գնահատվում է տասնյակ միլիարդավոր իեններ (հարյուր միլիոնավոր դոլարներ):
Նախագծի իրագործմամբ զբաղված են Mitsui OSK Lines, Nippon Yusen, Japan Marine United նավաշինական ընկերությունները:
Նմանօրինակ առաջին ինքնակառավարվող նավերն, այնուամենայնիվ, կուղեկցեն ոչ մեծաթիվ տեխնիկական անձնակազմերը: Սակայն հետագայում նավերն ամբողջովին ինքնավար կդառնան:
2016 թվականին ինքնակառավարվող բեռնատար նավերի ստեղծման պլանների մասին հայտնել էր Rolls-Royce ընկերությունը, որի նավերը պետք է ծովային երթուղիներում հայտնվեն մինչև 2020 թվականը:
«Սա այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և այժմ: Խոսքը ոչ թե «եթե ստացվի»-ի մասին է, այլ այն մասին, թե երբ կստացվի»,- այն ժամանակ ասել էր ընկերության փոխնախագահ Օսկար Լևանդերը: «Մենք այդ նավերը կտեսնենք տասնամյակի վերջին»,- խոստացել է նա: