17-րդ դարի երկրորդ կեսին շարունակում էր զարգացում ապրել Եվրոպայի հայկական գրատպությունը: 1695 թվականին Ամստերդամում, Թովմաս Վանանդեցու ղեկավարած տպարանում, հրատարակվեց մի բացառիկ աշխատություն՝ «Համատարած Աշխարհացույցը»: Այն հայերեն հրատարակված աշխարհի կիսագնդերի առաջին քարտեզ-ատլասն էր և համարվում է իր ժամանակի լավագույն ու ամենաարդիական քարտեզներից մեկը: «Աշխարհացույցի» տպագրությունը արված է բարձր ճաշակով, արևմտյան քարտեզագրական ոճով ու կերպարանքով, որոնք մինչև օրս էլ գործածական են:
Ամստերդամի հայկական տպարանի չորս գրահրատարակիչ-տպագրիչները, որոնք մշակել, կազմել և տպագրել էին «Աշխարհացույցը», սերում էին Նախիջևանի Գողթան գավառի Վանանդ գյուղից՝ եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին, ինչպես նաև Մատթեոս Հովհաննիսյանը և եղբայներ Ղուկաս ու Միքայել Նուրիջանյանները: Նրանք այդպես էլ հայտնի դարձան և մնացին պատմության մեջ՝ «Վանանդեցիների տպագրական տուն» անվանմամբ, կամ ուղղակի՝ Վանանդեցիներ: Վանանդեցիների հիմնած Ամստերդամի հայկական տպարանը գործեց մինչև 1717 թվականը՝ այդ ընթացքում պարբերաբար լույս ընծայելով բազմաթիվ արժեքավոր հայերեն գրքեր և ուսումնական ձեռնարկներ:
«Համատարած Աշխարհացույց» ատլասը տպագրված է ութ մասով, իսկ ալտասի իրար միացած ընդհանուր չափսերն են 150-ը՝ 120 սանտիմետրի վրա: Տպագրության համար օգտագործված է որակյալ թուղթ, բայց ծալվելիս չվնասվելու համար քարտեզի առանձին թերթերը փակցված են բարակ կտավին: «Աշխարհացույցի» պղնձի վրա փորագրությունները փայլուն կերպով իրականացրել էին հոլանդացի հանրահայտ վարպետներ Ադրիանուս և Պետեր Սխոնեբեկ եղբայրները, որոնք աշխատանքներ են կատարել նաև այլ լեզուներով տպագրված քարտեզների համար: Կիսագնդերի շրջանակից դուրս արված տարվա չորս եղանակների բարձրակարգ պատկերները, որտեղ արտացոլված են հին հունական դիցաբանության դրվագներ, բնորոշ են Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին:
1695-ին Ամստերդամում լույս տեսած «Աշխարհացույցից» պահպանվել է շուրջ 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում եմ Հայաստանում: Նշենք նաև, որ 1754 թվականին Վանանդեցիների կողմից պատրաստված և Վենետիկում հանգրվանած կլիշեների հիման վրա «Համատարած Աշխարհացույցը» բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահարատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազարի կղզու Մխիթարյանների միաբանության տպարանում: