«Ես չեմ կռվել, իմ եկեղեցին եմ պաշտպանել»
Advertisement 1000 x 90

«Ես չեմ կռվել, իմ եկեղեցին եմ պաշտպանել»

Ասում է Տեր Հովհաննեսը

Լեռնային Ղարաբաղի տարածքում զբոսաշրջիկներին այսօր թերևս ամենից շատ գրավում է Գանձասարի վանքը: Բարձունքում գտնվող վանքը շրջապատված է արցախյան հրաշք բնությամբ ու իր շուրջ հյուսված հրաշքներով, որոնց մասին խոսում են տեղաբնակները: Այն կարողացել է դիմագրավել թե՛ սովետական ժամանակաշրջանի հալածանքներին, թե՛ Արցախյան պատերազմի արհավիրքներին: Գանձասարն ավելի գրավիչ ու հաճելի է դառնում, երբ ծանոթանում ես վանքի վանահոր` Հայր Հովհաննեսի հետ: Նրա հետ զրուցելիս մի տեսակ հանգստանում ես, ինքդ էլ սկսում ես հավատալ հրաշքների:

Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238թթ: Հայր Հովհաննեսը պատմում է, որ եկեղեցին կառուցել է Ջալալ իշխանը։ Անունը թեև արաբական է և նշանակում է` շքեղ, փառահեղ, բայց իշխանը քրիստոնյա հայ է եղել։ 1218թ. Ջալալ իշխանը գնում է Երուսաղեմ` ուխտի: Այնտեղ տեսիլքով Աստծուց հրաման է ստանում, որ Հովհաննես-Մկրտչի գլուխը գտնվում է երկու վանականների ձեռքերում, ինքը պետք է այն վերցնի և տանի իր երկիր: Նա Հովհաննես-Մկրտչի գլուխը բերում է Գանձասար: Կառուցվում է այս հրաշալի եկեղեցին, Հովհաննես-Մկրտչի գլուխը դրվում է Սուրբ Սեղանի տակ: 1240թ. 700 հոգևորականների ներկայությամբ և Աղվանից Ներսես կաթողիկոսի օրհնությամբ օծվում է Գանձասարի վանքը: Այստեղ 500 տարի` մինչև 1815թ.-ի Գյուլիստանի պայմանագիրը, եղել է աթոռանիստ կաթողիկոսարան, որը կոչվել է Գանձասարի կամ Աղվանից կաթողիկոսություն: Վանքը խորհրդային տարիներին չի գործել: Ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, այն իբրև մսուր է ծառայել, բայց պահպանվել է որպես պատմաճարտարապետական կոթող։ «Անասուններ են պահել, խոտ են հնձել, բայց, թե ինչպես է պահպանվել եկեղեցին, ես էլ չեմ հասկանում, որովհետև անմխիթար վիճակում էր տանիքը, ջուրը հոսում էր, օր օրի քանդվում էր: Մարդիկ եկել են, թաքուն աղոթել, պատերը համբուրել, գնացել, բայց հոգևոր հայր չի եղել»,- ասում է Տեր Հովհաննեսը: 1989թ. վերաբացվում է Արցախի թեմը և առաջնորդ է նշանակվում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նույն տարվա հոկտեմբերի 1-ին Գանձասարի վանքը վերաօծվում է: Իսկ Արցախյան պատերազմի տարիներին մարդիկ ծնկաչոք եկել են Գանձասար, աղոթել ու Աստծուց փրկություն խնդրել: Վանքի վանահայր Տեր Հովհաննեսը 1993-ից Գանձասարի ու նաև Դադիվանքի վանահայրն է: Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Ամուսնացած է, ունի չորս որդի` Ջալալը, Արցախը, Հարութը և Հայկը:

 

– Տե՛ր հայր, ե՞րբ որոշեցիք Ձեր կյանքը հավատքի հետ կապել:

– Բոլոր մարդկանց մեջ կա հավատք, բայց այն պետք է արթնացնել: Իսկ խորհրդային տարիներին մեր աչքերին թոզ էին փչել, չէին թողնում, որ մտածեինք այդ ուղղությամբ: Տատս շատ հավատացյալ էր, ու, քանի որ ծնվել եմ խորհրդային տարիներին, նա ծածուկ թևիցս բռնած բերում էր եկեղեցի, աղոթում էր, իսկ ես երեխա էի, չէի հասկանում, թե ինչ էր ասում: Երբ մեծացա, էլի գալիս էի եկեղեցի, խաղում էի այստեղ, բայց ամեն մտնելուց ինչ-որ բան էի զգում, երկյուղ ունեի, փշաքաղվում էի: Ավարտել եմ գյուղատնտեսական տեխնիկումը, ամուսնացել, երկու երեխա ունեի, ֆերմայի վարիչ էի աշխատում գյուղում: Երաժշտական դպրոց եմ ավարտել, ինչը եկեղեցու համար հետագայում կարևորվեց: Երբ 1989թ. եկեղեցին վերաօծվեց, առաջին վանահայրը եղավ Միքայել Աջապահյանը՝ այսօր` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը: Սկսեցինք ընկերություն անել, մեկ-երկու տարի նա ինձ հետևել էր, երբ գտավ իմ մեջ հավատքը, առաջարկեց, որ սովորեմ Սուրբ Էջմիածնի ճեմարանում: Անակնկալի եկա, ասացի՝ հնարավոր չէ, կին ունեմ, երկու երեխա, արդեն շարժումը կա, ինչպե՞ս թողնեմ, գնամ սովորելու: Աշխատավարձն էլ 150 ռուբլի էր, ինչպե՞ս ընտանիքս պահեի: Երբ տանն ասացի, կինս ու մայրս սկսեցին. «Հոգևոր հայրերին բռնել են, թրաշել, սպանել, Սիբիր աքսորել: Սիրուն տղա ես, բալա ջան, մորուք պիտի պահես, սև հագնես»: Գյուղով մեկ լուրը տարածվեց, որ գնում եմ սովորելու, մարդիկ էլ չգիտեին, որ լինում են կուսակրոններ և ամուսնացյալ քահանաներ, ասում էին` որ քահանա դառնաս, պետք է կնոջդ ու երեխաներիդ թողնե՞ս: Վերջը գնացի, հենց Էջմիածնի դարպասներից ներս մտա, իմ մեջ միանգամից ամեն ինչ փոխվեց, ասացի, որ ես պիտի դառնամ հոգևորական: Շատ դժվար էր, այդ ժամանակ ռմբակոծությունները սկսվեցին, կինս կացինը գլխատակին էր պահում: Սովորում էի այնտեղ, բայց ուշքումիտքս այստեղ էր: Զանգել չկար, երկու ամիսը մեկ ուղղաթիռով մեկ օրով գալիս, հետ էի գնում: Երբ Վեհափառը տոնական օրերին մթերքներ էր բաժանում, իմ կուրսի ուսանողներից շատերը տալիս էին ինձ, որ ուղարկեմ երեխաներիս: Իրենք էլ գյուղի փոքր երեխաներին էլ էին բաժանում: 1992-ին ավարտեցի ուսումս, ձեռնադրվեցի, ու պատերազմը սկսվեց:

– Մարտական գործողություններին ակտիվ մասնակցել եք: Կպատմե՞ք դրա մասին:

– Իհարկե։ Տանկի գնդացիր ունեի, պահում էի ինձ մոտ և խոստացել էի, որ եթե մեռնեմ, Գանձասարի պատերի տակ պիտի մեռնեմ: Շատ են փորձել ինձ Գանձասարից հանել: Ռմբակոծում էին, բայց ես մահից չէի վախենում, ասում էի` եթե տանք Գանձասարը, թող ես էլ մեռնեմ: Մի անգամ թուրքերը եկել, հասել էին մոտակա բլուրը (նրանց ազերի ու ադրբեջանցի են անվանում, բայց նույն թուրքն են): Անհավասար ուժ էր. մոտ 360 հոգի նրանք էին, 40 հոգի՝ մեր տղաները: Դա 1993թ.-ին էր։ Տղաները կապվեցին, թե. «Տեր հայր, դուրս արի, արդեն հետ ենք նահանջում»: Իսկ եթե մեր տղաները նահանջեին, թուրքերը հեշտությամբ կիջնեին այստեղ: Վանքում պատարագ էինք անում: Հեռակապով խնդրեցի, որ տղաները մի կես ժամ պահեն, մինչև պատարագի խորհուրդն ավարտենք։ Ասացի ու շարունակեցի: Նորից կապվեցին, ասացին, որ անհնար է, հետ պետք է գնանք: Ասացի` ես քառասուն մարդ եմ բերում օգնության: Խաբեցի, որ մի քիչ էլ մնան. 40 հոգի որ լինեին, վաղուց արդեն ուղարկած կլինեի: Ես էի, աներս, որ պահակն էր, ու նաև լավ որսորդ է եղել ու հետախույզ, իմ մեծ եղբայրը, ու աներձագս: Չորս հոգով էինք, բայց զրոն ավելացրի, որ թուրքերը լսեն, զարհուրեն: Նրանք միշտ գաղտնալսում էին: Տղաներն էլ, լսելով՝ քառասուն հոգի, ուրախացան, ասացին` կպահենք: Չորսով գնացինք, հասանք այնտեղ: Մի 15 րոպե տղաները հանգստացան, ու մտանք կռվի մեջ: Յոթ կիլոմետր քշեցինք թուրքերին: Նրանք բազում զոհեր ու վիրավորներ ունեին, մեր տղաներից ոչ մեկը չէր վիրավորվել: Այնտեղ իսկական կռիվ էր գնում, այսինքն՝ տանկ չկար, առանց օդանավերի, զենքերով դեմ դիմաց կռվում էինք:

– Ասում են, հիմնականում հետախուզական աշխատանքներ եք արել:

– Այո։ «Արծիվ» մահապարտները` 500 հոգի, որոնք հավաքվել էին Վազգեն Սարգսյանի կոչով, որ կռվեն ամենաթեժ կետում, եկան այստեղ: Նրանք տեղանքին ծանոթ չէին, իսկ մենք շատ ծանոթ էինք, մեզ քարտեզ պետք չէր, քարտեզը մեր գլխում էր: Ես ծնունդով հենց Վանք գյուղից եմ, ամբողջ տարածքները ման եմ եկել: Ես էի գիշերները գնում հետախուզության, հետևից խփում, իմանում` ինքան զորք ունեն, ինչքան տեխնիկա և այլն: Գիտեի` որտեղով գնամ, որ ականապատված չլիներ: Ցերեկը գալիս էի, իմ շորերը հագնում, կանգնում պատարագին, հետո զինվորական հագուստ էի հագնում, գնում կռվի: Մի երկու օր ահեղ մարտեր էին գնում, մասնակցում էի, տղաներն ինձ ասում էին` ապեր, այս կողմ արի, այն կողմ գնա, չգիտեին ով եմ: Բոլորն էլ մորուքով էին, երևի իմ մորուքն ամենակարճն էր: Հետո, երբ շարք կանգնեցինք, երդվեցինք, որ Գանձասարը չենք տա, գեներալ Ալիկ Պետրոսյանն ասաց` այն «ապերը», ում կանչում էիք, Տեր Հովհաննեսն է: Մեր տղաներն ինձ Պարգև էին ասում: Երբ ասում էին՝ Պարգև, ո՞ւր ես, ասում էի` խաչերում, այսինքն, արդեն Գանձասար եմ եկել: Ու մի 15-20 րոպե ռմբակոծություն էր սկսվում: Հետո զանգում, ասում էին` Պարգև, ո՞նց ես, ասում էի` շատ լավ, ի՞նչ է եղել: Ուզում էի, որ տղաները հոգեպես չկոտրվեն, մտածեն` Տեր Հովհաննեսը Գանձասարում է, չի թողել, չի փախել: Նույնիսկ թուրքերը զարմանում էին։

– Զենքը ձեռքին քահանայի դժվար է պատկերացնել: Կրոնին դա չի՞ հակասում:

– Չէ, նման բան գոյություն չունի: Վերցնենք Վարդանանց պատերազմը: Ղևոնդ Երեցի մի ձեռքին խաչ էր, մյուսին` սուր: Նույնիսկ կանայք էին մասնակցում: Ուրեմն, կինը, աղջիկ երեխան իրավունք ունի զենք վերցնելու, պաշտպանելու, իսկ հոգևոր հայրն իրավունք չունի՞: Եթե մենք քիչ էինք ու այն ժամանակ կանոնավոր բանակ էլ չունեինք, ի՞նչ պիտի անեինք: Ես կանգնեի, կանանց ասեի` գնացեք, ինձ պաշտպանե՞ք: Մենք չենք կռվել, մենք պաշտպանել ենք: Տեր հայրը չի գնացել սպանել, ո՛չ: Տեր հայրը պաշտպանել է իր եկեղեցին: Թող չգային, չպաշտպանեի: Թուրքն ի՞նչ գործ ունի եկեղեցում, քրիստոնյա չի: Ի՞նչ էր ուզում եկեղեցուց: Եթե ես նստեի, աղոթեի, թուրքն էլ գար, սրով գլուխս կտրեր, ի՞նչ օգուտ կբերեի իմ ժողովրդին: Աղոթքի ժամանակ՝ աղոթք, պաշտպանության ժամանակ` պաշտպանություն: Աստված մարդուն տվել է խելք, իմաստություն, խոհեմություն: Այս գլուխը, որ մարմնի վրա ամենաբարձր տեղում է, ինչի՞ համար է դրել: Որ մտածի մարմնի մասին: Հոգևոր հայրը ժողովրդի, հոտի հովիվն է։ Եթե հոտը գայլերի դեմ է, չպաշտպանի՞ իր հոտին: «Տեր հայր» են անվանում, բա հայրն իր զավակին չպաշտպանի՞: Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանել իրեն, իր ընտանիքը, իր ժողովրդին ու իր հայրենիքը:

– Լուրեր են պտտվում նաև, որ Գանձասարում շատ հրաշքներ են եղել:

– Մեր կյանքում բոլորս էլ ունենք հրաշքներ, բայց պիտի կարողանանք հասկանալ, որ դա հրաշք է: Մարդիկ կան, ասում են` այդպես էլ պետք է լիներ: Բայց եթե Աստծո կամքը չլինի, այդ բանը տեղի չի ունենա: 1992թ.` ծնկաչոք աղոթքի ժամանակ, Աստծո հրեշտակի պատկերներն են երևացել պատի վրա: Եվ մինչև այսօր այդ հրեշտակները մնում են: Նույնիսկ օրեր կան, երբ այդ պատկերները խամրում են, կարծես հազիվ հետքերը երևան: Չեմ կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված: Եթե դա հրաշք չէ, ի՞նչ է: Դա զարդաքանդակ չէ, նկար չէ: Ուղղակի Աստված ցույց է տալիս, որ Գանձասարն ունի հրաշքներ, ունի զորություն: Շատ դեպքեր են եղել, որ զույգը, որ երեխա չի ունեցել, եկել է այստեղ, իմ օրհնությունն եմ տվել, գնացել են ու տասնմեկ ամիս հետո երեխա են ունեցել: Եվ պատերազմի ժամանակ հազարավոր ռումբեր են նետել, Գանձասարին չի կպել: Մենք նայում էինք, ռումբերը, չհասած գմբեթին, աջ ու ձախ էին թափվում, ուղիղ գալիս էին ու մի կողմ ընկնում: Մի հրթիռ էլ մտավ իմ խցի պատի մեջ ու չպայթեց: Միանգամից 40 չկառավարվող հրթիռ եկավ: Պատկերացրեք, 40 հատը պայթեցին, իսկ մեկը` ոչ, այն էլ իմ խցի մեջ: Իսկ չպայթած հրթիռը մինչև հիմա այնտեղ է: Ես հրաշքով փրկվեցի, քանի որ հենց այդ ժամանակ աղոթում էի խցում:

– Գյուղում աղանդավորներ կա՞ն, որ եկել, փորձել են շփվել ժողովրդի հետ:

– Իմ տարածքում աղանդ չկա: Այո, եղել են, եկել բրոշյուրներ են բաժանել այստեղ, ժողովուրդը սկզբից կարծել է, թե նրանք եկեղեցու զավակներն են: Բայց երբ լսել են, որ նրանք աղանդավորներ են, հեռու են մնացել: Այսօր էլ մեկը կա գյուղում, ով աղանդավոր է: Նա Ռուսաստանում էր, եկել է այստեղ, բայց չի քարոզում: Նա Եհովայի վկա է, նրան ասել եմ, որ եթե քարոզի, վերջը վատ կլինի: Հրավիրել եմ մի քանի անգամ, չի եկել Գանձասար: Բայց ժողովուրդը չի հավատում աղանդավորներին: Գանձասար ունենալ ու չհավատալ Աստծուն՝ անհնար է:

Նատաշա Հարությունյան

Լուսանկարը` Արարատ Դավթյանի

«3 Միլիոն»



Նման նյութեր