Яндекс-ը և Uber-ը որոշում են կայացրել միավորել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան) օնլայն փոխադրումների բիզնեսները: Ընկերության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Яндекс Տաքսին» և Uber-ը ստորագրել են բիզնեսների միավորման համաձայնագիր:
Միավորման արդյունքում կստեղծվի նոր ընկերություն, որը կգլխավորի «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Բացի այդ՝ նոր ընկերությանը կփոխանցվի նաև սննդի առաքման UberEATS ծառայությունը վերոնշյալ երկրներում: Գործարքի արդյունքում Яндекс-ը առաջին անգամ հնարավորություն կստանա դուրս գալ սննդի առաքման շուկա:
Ադրբեջանը չի համագործակցի NewCo ընկերության հետ, որը ստեղծվել է բեռնափոխադրումներ իրականացնող «Яндекс Տաքսիի» և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում: Նորաստեղծ ընկերությունը ղեկավարելու է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, որը «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրենն է:
Ադրբեջանական haqqin.az պորտալի հետ զրույցում Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայության ղեկավար Մայիս Աղաևը, մեկնաբանելով Տիգրան Խուդավերդյանի նշանակումը, հայտարարել է, թե Ադրբեջանի քաղաքացիների համար առաջնային պետք է լինեն երկրի քաղաքական շահերը:
«Եթե ընկերությունը ղեկավարի Հայաստանի քաղաքացին կամ ազգությամբ հայ որևիցե անձ, ապա մենք վարորդներին «գերազանցության նշան» չենք տրամադրի, որը նախկինում թույլ էր տալիս աշխատել այդ ընկերությունների հետ»,- հայտարարել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայության ղեկավարը:
Աղաևի խոսքով՝ իրենց գործակալությունը կոչ է անելու Ադրբեջանի բոլոր վարորդներին հրաժարվել այդ ընկերության հետ աշխատելուց:
Uber-ի ներդրումները նոր ընկերությունում կկազմեն 225 միլիոն դոլար, «Яндекс»-ինը՝ 100 միլիոն դոլար: Նոր ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 3.725 մլրդ դոլար:
Яндекс-ին կպատկանի ընկերության բաժնետոմսերի 59.3%-ը, իսկ Uber-ին՝ 36.6%-ը: Բաժնետոմսերի մնացած մասը՝ 4.1%-ը, կպատկանի ընկերության աշխատակիցներին:
Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի ավտոմեքենաների թիվը, կկրճատի սպասելաժամանակը:
Ինչպես սպասվում է, գործարքը կփակվի 2017թ. IV եռամսյակում: Գործարքը հավանություն է ստացել Uber-ի և Яндекс-ի տնօրենների խորհրդի կողմից: