Facebook-ում արագորեն տարածվում է այն տեսահոլովակը, որտեղ ֆիլիպինցիների ամբոխը խուժում է Zark՚s Burgers սրճարան՝ 15-ցենտանոց բուրգեր ձեռք բերելու: Դրան ուշադրություն է դարձրել Mashable հրատարակությունը: Վիթխարի հերթը պատկերող տեսահոլովակը գրեթե երկու միլիոն դիտում է հավաքել:
Խորտկարանների հանրաճանաչ ցանցը ակցիայի մասին հայտարարել էր իր ծննդյան օրվա պատվին. համբուրգերի զեղչը կազմել է 95 տոկոս: Սովորական օրերին հաստատության ֆիրմային կերակրատեսակն արժե գրեթե երեք դոլար:
Հատուկ առաջարկի պայմաններով՝ 15-ցենտանոց բուրգեր կարող էին ձեռք բերել սոսկ առաջին 80 հաճախորդները: Արդյունքում հարյուրավոր ֆիլիպինցիներ են նետվել դեպի դրամարկղը, ինչը լուրջ հրմշտոց է առաջացրել:
Դատելով սոցցանցերում զետեղված բազմաթիվ լուսանկարներից՝ մարդիկ էժան բուրգեր գնելու հույսով խռնվել են ոչ միայն սրճարանի մոտ, այլև ամբողջ առևտրական կենտրոնում, ինչպես նաև դրա ահմաններից դուրս: