«Այս անգամ բացասական կերպարը Հրաչ Մուրադյանն է». Հայկ Մարությանի բացահայտումները. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Այս անգամ բացասական կերպարը Հրաչ Մուրադյանն է». Հայկ Մարությանի բացահայտումները. life.tert.am

«Սուպեր մամա 2» ֆիլմի թրեյլերը մեծ հետաքրքրություն է առաջացնել հանդիսատեսի մոտ։ Շատերը նշում են, որ անհամբերությամբ են սպասում երկրորդ ֆիլմի պրեմիերային։ Այն կինոթատրոններում կլինի հոկտեմբերի 5–ից, մինչև այդ Tert.am Life–ը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի հետ։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ ֆիլմերի երկրորդ մասերը չեն կրկնում առաջինի հաջողությունը։ Որևէ ենթադրություն անելու համար վաղ է, սակայն առաջին արձագանքները ֆիլմի մասին շատ բուռն են և թույլ են տալիս հասկանալ, որ թրեյլերը հետաքրքրել է մարդկանց։ Արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում, որ երկրորդ ֆիլմն ավելի լավն է լինելու, քան առաջինը։  Հայկ Մարությանը լիահույս է, որ կրկնելու են առաջին հաջողությունը և նույնիսկ ավելին։

«Ես և ռեժիսորները՝ Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, գնահատում ենք, որ այս ֆիլմը մեկ քայլ առաջ է, ինչ–որ տեղ, անգամ, պետք է գերազանցի առաջինին։ Համաշխարհային պրակտիկայում էլ կան դեպքեր, երբ երկրորդ  ֆիլմը չի զիջել առաջինին, թեև այդ դեպքերն ավելի քիչ են։ Մենք փորձում ենք զարգացնել այդ ճյուղը, երբ երկրորդ ֆիլմն ավելի լավն է լինում»,– նշեց դերասանը։

«Սուպեր մամա 2»–ն ավելի հետաքրքիր դարձնելու համար ստեղծագործական թիմը մի քանի շեշտադրում է արել։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ «Բնականաբար, կանանց գաղութը ներկայացնում ենք հումորային մատուցմամբ։ Իրականում, շատ ենք աշխատել, որպեսզի դա ստացված լինի։ Միքսել ենք իրականությունն ու հումորը։ Իհարկե, հումորը գերակշռում է։ Ինչ–որ առումով, ստեղծել ենք մեր պատկերացրած կանանց գաղութը։ Այն շատ ավելի գեղեցիկ է, նկարչական առումով շատ լավ աշխատանք է արվել»,– ասաց պրոդյուսերը։

Հաջորդ շեշտադրումը Գարիկի կերպարանափոխությունն է։ Այս դեպքում կնոջ կերպարով ներկայանալու համար բավարար չէ միայն կեղծամ դնելը։ Մասնագետները շատ լուրջ աշխատանք են արել` այս անգամ ժամեր տևող դիմահարդարմամբ փոխելով ոչ միայն Հայկին, այլև Գարիկին։ Հայկը նշեց, որ Գարիկը հեշտությամբ է համաձայնել կերպարանափոխությանը. «Գարիկը  պրոֆեսիոնալ է, նաև մեր ընկերն է, ոչ մի խնդիր չեղավ։ Չեմ կարծում` պրոֆեսիոնալ դերասանի մոտ նման խնդիր կլինի։  Ժողովրդի դուրն էլ շատ եկավ այս կերպարանափոխությունը»։

Ինչ վերաբերում է Կարինեի կերպարին` Հայկը նկատեց, որ նա արդեն սիրված կերպար է։ Նրա խոսքով` շատ ավելի դժվար է պահել այն, ինչ կա։ Այս դեպքում, կարևոր էր պահել նշաձողը, միաժամանակ, նոր երանգներ գտնել կերպարի մեջ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ «Երկրորդ ֆիլմում Կարինեն պետք է նույնը լինի, ուղղակի նրան պիտի գցես նոր իրավիճակների մեջ և տեսնես`ինչպես նա իրեն կպահի այս իրավիճակներում։ Կարենը/Կարինեն ստիպված է գնում կրկին կերպարանափոխվելու քայլին, որպեսզի փրկի կնոջը. Կարենն ու կինը՝ Սոնան, բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից և  փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ և ընկնում կանանց գաղութ: Գումարը, բնականաբար, պահած է լինում: Եթե գումարը չվերադարձվի,  Սոնան բանտ կընկնի: Մենուան նույնպես իմանում է փողերի մասին ու մտնում կանանց գաղութ, որպեսզի ստանա այդ փողերը։ Սկզբում նա բացասական հերոս է, Մենուան և Կարենը կրկին հակառակ կողմերում են, բայց ֆիլմի ընթացքում նա, ի վերջո, դրական է դառնում։ Կարենն ու Մենուան հաշտվում են։ Ֆիլմի բացասական կերպարն այս անգամ բաժին է հասել Հրաչ Մուրադյանին»,– պատմեց Հայկը։

«Սուպեր մաման» ցուցադրություններ է ունեցել նաև Երևանից ու Հայաստանից դուրս։ Այս անգամ ևս ստեղծագործական թիմը կփորձի այն ներկայացնել ոչ միայն մարզերում, այլև արտերկրում։ «Սփյուռքը մեծ է, սակայն ֆիլմեր, ներկայացումներ ցույց տալու համար խնդիրն այն է, որ կոնսոլիդացված չէ։ Այդ առումով շատ դժվար է։ ԱՄՆ–ում Սփյուռքն ամենակոնսոլիդացվածն է, այդ իսկ պատճառով այնտեղ շատ ավելի հեշտ է։ Դա է պատճառը, որ թիրախավորում  ենք ԱՄՆ–ն, սակայն, որքան էլ դժվար է, փորձում ենք  անդրադառնալ նաև մյուս ներկրներին»,– եզրափակեց պրոդյուսերը։

life.tert.am