«Ես կանգնեցի սեղանին՝ ինքս ինձ հիշեցնելու համար, որ իրերին պետք է տարբեր տեսանկյուններից նայել». սա կինոռեժիսոր Փիթեր Ուիրի «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմի լավագույն արտահայտություններից մեկն է, որը կյանքի տարբեր դրվագներում կիրառելը հրաշալի զգացողություն կարող է պարգևել: Եվ հենց դա է պատճառը, որ 168.am-ն իր նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին փորձում է ներառել ֆիլմի ստեղծման վրա աշխատող բոլոր օղակների ներկայացուցիչներին՝ ֆիլմերի հետ փոխհարաբերություններն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Այս ամենն իրականություն դարձնելու հարցում այս շաբաթ իր սիրելի ֆիլմերի տասնյակը ներկայացնելով՝ օգնության է հասել կինոռեժիսոր, կինոօպերատոր Միհրան Ստեփանյանը:
«Գիշեր» (La Notte)
Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1961 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսները գրող Ջիովաննին (Մարչելո Մաստրոյանի) և նրա կինը՝ Լիդիան (Ժաննա Մորո) են: Ստեղծագործական ճգնաժամ… Զգացմունքների մայրամուտ… Սովորությունների մթնշաղ… Հիվանդանոց, «գիշերվա» մեջ ընկղմված մտերիմ ընկեր… Լույսի անիմաստ որոնումներ. հիշողությունների մթություն, գիշերային ռեստորան, հարուստ երեկույթ: Երիտասարդ Վալենտինան (Մոնիկա Վիտտի)՝ հոգում իր փոքրիկ «գիշերով»: Հուսահատության, հայտնությունների, անկեղծության «հեղեղ»…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ես Կուբան եմ» (Soy Cuba)
Խորհրդային կինոռեժիսոր Միխայիլ Կալատոզովի երկսերիանոց գեղարվեստական ֆիլմը բաղկացած է մի քանի պատմություններից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Կուբայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններից առաջ և դրա ընթացքում մարդկանց ճակատագրերի մասին:
Կենսուրախ մրգավաճառը սիրահարվում է Մարիային, բայց հետո պարզում է, որ նա Բեթթի մականունով մարմնավաճառ է, ով մի կտոր հացի համար մարմինը վաճառում է ամերիկացի զբոսաշրջիկներին:
Տարեց ֆերմեր Պեդրոն այրում է իր կողմից մեծ դժվարությամբ աճեցված շաքարեղեգի բերքը, երբ պարզում է, որ հողը վաճառվել է ամերիկյան «Յունայթեդ ֆրութ» ընկերությանը:
Հավանայի համալսարանի ուսանողները թռուցիկներ են տպագրում, որոնք պարունակում են Ֆիդել Կաստրոյի պարտիզանական ջոկատների մասին ինֆորմացիա: Ոստիկանությունը ներխուժում է համալսարանի տարածք, ցրում է ցույցերը և սպանում է ակտիվիստներին:
Քրիստոնյա Մարիանոն չի ցանկանում զենք վերցնել և հեռանում է լեռներ: Բայց օդային հարձակումից և որդու մահից հետո հենց առաջին ճակատամարտում զենք է վերցնում և միանում է ապստամբներին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie)
Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ֆեդերիկո Ֆելինիի Կազանովան» (Il Casanova di Federico Fellini)
Իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինիի 1976 թվականին ստեղծել է XVIII դարի հայտնի իտալական արկածախնդիր Ջակոմո Կազանովայի խելագար կյանքի կինեմատոգրաֆիական տարբերակը:
Կազանովան (Դոնալդ Սազերլենդ) ճամփորդում է եվրոպական քաղաքներով և քարոզում է հավերժ սեր: Նրա բազմաթիվ սիրուհիների շարքում են միանձնուհին, կուզիկ նիմֆոմանուհին և ծեր կախարդը, ով վստահ է, որ Կազանովայի հետ սեքսը նրան տղամարդու կվերածի:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Վերջին կայսրը» (The Last Emperor)
«Վերջին կայսրը» պատմակենսագրական ֆիլմը նկարահանվել է 1987թ.-ին իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի կողմից:
Նա մեկ միլիարդ մարդու առաջնորդն էր: Նրան կանխորոշված էր «տասը հազար տարվա երջանկություն»: Բայց աշխարհի հնագույն ավանդույթները փլուզվում էին փոփոխությունների դարաշրջանի ազդեցության տակ: 1908թ.-ին տոհմի վերջին ներկայացուցիչը՝ երեք տարեկան Պու Ի-ն (Ջոն Լոուն), բարձրացավ Վիշապի գահին:
Երեխա-կայսրին վերաբերվում են՝ որպես աստվածության: Նա կարող է անել ամեն ինչ, բացի մի բանից. դուրս գալ իր պալատի սահմաններից: Արգելված քաղաք չեն այցելում «փոփոխության քամիները», որոնք քաղաքի սահմաններից դուրս փոթորկում են աշխարհը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դիք Թրեյսի» (Dick Tracy)
Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ուորեն Բիթիի «Դիք Թրեյսի» ֆիլմը Չեսթեր Գուլդի կոմիքսների էկրանավորումն է:
30-ական թվականներ: Չիկագո: Քաղաքը ղեկավարում է հանցագործների խմբավորումը, որոնց ոչ ոք չի կարողանում կանգնեցնել: Միակը, ով ի զորու է դա անել, քաջ խուզարկու Դիք Թրեյսին է (Ուորեն Բիթի): Եվ նա չի նահանջի, նույնիսկ, եթե նրա ճանապարհին հայտնվի մաֆիայի առաջատարը: Բայց անվախ հերոսի սիրտը չի կարող դիմակայել գայթակղիչ գեղեցկուհու հրապուրանքին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Լայն փակված աչքերով» (Eyes Wide Shut)
Ռեժիսոր Սթենլի Կուբրիկի վերջին ֆիլմը սյուժեն (1999), որն էկրան է բարձրացել ռեժիսորի մահից մի քանի ամիս անց, հիմնված է Արթուր Շնիցլերի «Երազանքների պատմություն» նովելի վրա:
Բիլ (Թոմ Քրուզ) և Էլիս Հարֆորդ (Նիկոլ Քիդման) ամուսնական զույգը երջանիկ մարդկանց տպավորություն են թողնում, որոնք ապրում են չափավոր կյանքով: Բայց կատարյալ հարաբերությունների հետևում թաքնված են խանդը, անբավարարվածությունը և գաղտնի ցանկությունները:
Առաջին քայլն անում է Էլիսը՝ ամուսնուն պատմելով իր երևակայությունների մասին: Խանդով լցված Բիլն առաջ է անցնում՝ դուրս գալով մտքերի և բառերի սահմաններից: Նա սկսում է մասնակցել մի տարօրինակ ակումբի հավաքույթներին, որի անդամները շրջում են վենետիկյան դիմակներով, խոսում են անհասկանալի լեզվով, կատարում են ծեսեր, որոնք ավարտվում են օրգիաներով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սուրճ և ծխախոտներ» (Coffee and Cigarettes)
Ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը բաղկացած է 11 պատմվածքներից, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում են հանճարեղ դերասաններ, շոումեններ և երաժիշտներ: Սուրճ ըմպելով և ծխելով՝ ֆիլմի հերոսները զրուցում են միմյանց հետ, վիճում են, կատակում են և կատարում են լուրջ եզրակացություններ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շատրվանը» (The Fountain)
Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկու 2006 թվականի ամերիկյան արտադրության գեղարվեստական ֆիլմ-պրիտչայի մեջ զուգակցվում են ֆենթեզիի, պատմականի, ոգեկանության և գիտաֆանտաստիկի տարրեր։
Ֆիլմի գլխավոր հերոսը Թոմաս Կրեոն է (Հյու Ջեքման), ով փնտրում է Կենաց ծառը, որի հյութը, ինչպես ասում է լեգենդը, հավերժական կյանք է պարգևում, որի միջոցով Թոմը կարող է փրկել իր անբուժելի հիվանդ կնոջը՝ Իզաբելին (Ռեյչել Ուայզ):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (The Grand Budapest Hotel)
Ուես Անդերսոնի ֆիլմը պատմում է լեգենդար մսյե Գուստավի (Ռեյֆ Ֆայնս) և նրա երիտասարդ ընկեր՝ միջանցքային սպասավոր Մուստաֆա Զերոյի (Թոնի Ռվոլորի) հետաքրքրաշարժ արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցներն ականատեսն են դառնում գողության, Վերածննդի դարաշրջանի անգին կտավի որոնումների, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքարի, ինչպես նաև… XX դարի երկու արյունալի պատերազմների ընթացքում Եվրոպայի դրամատիկ փոփոխությունների:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան