5 տարվա դադարից հետո երեկ կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության ազգային մրցույթը, որին մասնակցեցին 17-26 տարեկան 24 չամուսնացած աղջիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Մինչև վերջին պահը ժյուրիի կազմը գաղտնի էր պահվում։ Tert.am Life–ը ներկայացրել է, թե ովքեր են որոշել հաղթողներին և որ աղջիկներն են դարձել տիտղոսակիր:
Ժյուրիի նախագահը «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանն էր։ Ժյուրիի կազմում ընդգրկված են «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, նորաձևության դիզայներ Գևորգ Շադոյանը, Farell ապրանքանիշի հիմնադիր, ֆրանսիահայ դիզայներ Գոռ Հարոյանը, «Արմենիա TV»–ի երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչ Մարի Ստեփանյանը, ռուսաստանաբնակ հայ ոճաբան, դիզայներ Արմեն Երիցյանը, «Նաիրի» փառատոնի գլխավոր հովանավոր Արթուր Ղուկասյանը, «Մեգերյան կարպետի» սեփականատեր Սալբի Մեգերյանը, ամերիկահայ բժիշկ Վիգեն Սեֆիլյանը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սերոբ Անտինյանը, Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էլիզա Գևորգյանը։
Երեկոն վարում էին Սոս Ջանիբեկյանը և Արմեն Խանյանը։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանը, Մարբեյը, Սևակ Խանաղյանը։ Աղջիկների երեկոյան զգեստների ցուցադրությունը կայացավ Հայկոյի կատարման ներքո։ Մրցույթն ընթացավ 3 փուլով։ Աղջիկները նախ ներկայացան տարազով, ապա լողազգեստներով և երեկոյան զգեստներով։
Ժյուրիի գնահատականների հանրագումարով մրցույթի հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։ Այսօր նրա տվյալները կուղարկվեն «Միսս Աշխարհ» մրցույթի կազմակերպիչներին։ Օրեր անց 17-ամյա աղջիկը մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։
Այսպիսով` «Միսս Արմենիայի» մրցանակակիրներն են`
«Միսս Արմենիա» – Լիլի Սարգսյան, Երևան, 17 տարեկան. հասակը` 1.72 սմ
«Վիցե Միսս Արմենիա» 1–ին տեղ – Անահիտ Իսահանովա, Լատվիա, 23 տարեկան, հասակը` 1.77 սմ
«Վիցե Միսս Արմենիա» 2-րդ տեղ – Արփինե Հարությունյան, Երևան, 25 տարեկան, հասակը` 1.74 սմ
«Միսս տաղանդ» և «Վիցե Միսս Արմենիա» 3-րդ տեղ – Թերեզա Մարտիրոսյան, Սյունիք, 25 տարեկան, հասակը` 1.73 սմ
«Վիցե Միսս Արմենիա» 4-րդ տեղ – Արմինե Մանուկյան, Երևան, 24 տարեկան, հասակը` 1.72 սմ
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հանրության քվեարկությամբ հաղթող ճանաչվեց Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրուց։ Նա որոշեց քվեարկության արդյունքում գոյացած գումարն ուղղել Գյումրու անապահով ընտանիքներին։
«Միսս Սփյուռք» ճանաչվեց Սինիտա Տաբուջյանը, որը ժամանել է Լիբանանից
Ամբողջությամբ՝ life.tert.am