Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձևը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը: Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ: Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա: Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու. նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ:
Բալկոնում արվեստագետ Սահակ Պողոսյանն է։
(Հարցազրույցն անցկացվել է ՀՀ Անկախության օրը․ ավարտին մոտեցավ, երբ սկսվեց տոնական հրավառությունը)
Սահակ Պողոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)
Երրորդ դեմքով խոսելը դժվար է, որովհետև «ինքի» մասին խոսելիս դու քեզ միշտ մերկացնում ես։
Միջավայրում կամ շրջապատում իր շուրջ հավաքելու, հիմնակմախք ստեղծելու դիմակ, «ֆասադ» ունի, բայց ինքը միշտ մենակ է եղել, որովհետև փորձել է իր հետ լինել․․․Ինքն իր հետ լինելու հետևանքով է, որ կարողանում է ազնիվ լինել։ Ազնվությունն ամենադժվար դրսևորումն է, ինչպես քո, այնպես էլ դիմացինի կողմից․ ինքն ամեն օր համոզվում է դրանում։ Ինքը երբեք չի կեղծել իրեն։ Երբեք։ Ինքը երբեք չի կեղծել իր արածին։ Իր համար շատ կարևոր է դա։ Միակ բանը, որ գոնե իր երեխաներին իրավունք ունի խորհուրդ տալ, հենց սա է՝ երբեք մի կեղծիր քեզ․ հենց դու կեղծեցիր, դիմացինն էլ ավելի հանգիստ նույնն է անելու քո հանդեպ։
Ինքը գիտի՝ ինչ է անում, ինչի համար է անում, ինքը սիրով է անում, երբեք չի վախեցել դժվարություններից, իրավիճակի տեր է եղել։ Ինքը սիրում է կյանքը։ Փորձում է իր հնարավորությունների չափով նաև ուրիշներին ոգևորել, որ սիրեն կյանքը։
Վե՞րջ։
Հա, այսքանը։
Ինքը վախեր չունի՞։
Վախեր միայն հիմարները չունեն։ Վախերը շատ բաներ են թելադրում, շատ բաներ են ծնում, ինչ-որ բան ստեղծելու պատճառ են դառնում։ Վախեր ունեմ իմ մտերիմների, միջավայրի, երկրի հետ կապված։ Իհարկե, կորուստներն անխուսափելի են, բայց դա ազդեցություն չունի վախի վրա։ Այն կա։ Անձնական վախերը տարիների ընթացքում պակասում են, կոնկրետանում․ ծնողդ մեծանում է, վախդ կոնկրետանում է, երկիրդ պատերազմի մեջ է, վախդ կոնկրետ է։
Ձեր և Հայաստանի հարաբերությունները։
Անկախությունդ շնորհավոր․․․ Իջևանում էինք Անկախության հռչակման օրը։ Երեսուն տարի ապրել եմ Սովետական Հայաստանում․ անկախության գաղափարը հենց այնպիսի մի բան չէր, հասկանում էի, որ ամենկարևորն է արվեստով զբաղվողի համար։ Եթե անկախ չես, որ երկրում ուզում ես ապրիր, որ ազգից ուզում ես եղիր, պարտադրանքը որոշակի արժեքներ է թելադրելու, դրանք ընդդիմություն են ծնելու, իսկ ընդդիմադիր արվեստը դառնում է քաղաքական։ Ես «քաղաքական» արվեստ չեմ սիրում։ Արվեստն ինձ համար շատ ավելի անձնական, սուբյեկտիվ բան է։ Այնպես որ Հայաստանի հետ հարաբերության հիմքում այդ անկախությունն է։
Քաղաքական շե՞րտ է ավելանում, թե՞ դառնում է քաղաքական։
Պարտադրանքը հակադարձ ուժեր է ծնում, և դրանք սկսում են խոսել մի բանի մասին, որը «պարտադրված» է։ Ես ինքս տարիների ընթացքում սա հասկացա։ Այն ժամանակ ես էլ եմ դրա մեջ եղել, քաղաքական ակտերից ոգևորված՝ ինչ-որ բաներ եմ արել՝ լավ, թե վատ (հիմնականում լավ), բայց ինչ անում եմ հիմա, ավելի եմ սիրում․ արածս հիմա ինձ ավելի մոտ է, ինձնից է բխում։
Կարելի՞ է ասել, որ ուղղակի «չեք մտածում» անկախության մասին, քանի որ կա։
Հա, քանի ինքը կա, ես ազատ եմ վարվել այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ անկախ քաղաքական վիճակներից, անկախ արդարությունից ու անարդարությունից և այլ նման հարցերից։ Այդ անկախությունը կա «դե ֆակտո» և ինձ ազատ է պահում մեխանիկական ընդդիմություն լինելուց։ Հակառակ դեպքում, եթե ոչ հայկական ռեժիմ լիներ, յուրաքանչյուր քաղաքացու ներքին շարժառիթը դրանից ազատվելն էր լինելու․ հիմա ես այդ ազատագրման հարցը չունեմ։
Ձեր անձնային անկախությունը նույնպես «դե ֆակտո՞» է։
Եվ «դե յուրե» է, և «դե ֆակտո», որովհետև ես անում եմ այն, ինչ ուզում եմ, ապրում եմ դրանով և պարտադրված չեմ ինչ-որ այլ բան անելու։ Ասում եմ այն, ինչ մտածում եմ, լսում այն, ինչ ուզում եմ։
Հայաստանի հետ հարաբերություների մասին չխոսեցիք․․․
Իմ Հայաստանը շատ կոնկրետ միջավայր է, շատ կոնկրետ տեղեր են, շատ կոնկրետ մարդիկ ու կոնկրետ հարաբերություններ․ այդպես եմ ընկալում Հայաստանը։ Հայաստանը բնակվելու որոշակի տարածք է, ինչպես այլ տարածքները։ Ես երկար ապրել եմ Ամերիկայում։ Եվ այստեղ, և այնտեղ խորթության հարց չի եղել։ Միջավայրն ինձ վրա բռնությամբ, օտար ուժով չի անդրադարձել․ ես ապրում եմ միջավայրի արժեքային համակարգի մեջ։ Ամերիկայում հենց առաջին տարին մասնակցեցի մի ընդհատակյա մեծ ցուցահանդեսի։ Արվեստային տոն էր, օրվա ստեղծագործությունն էր ցուցադրվում, ոչ թե ցուցասրահների կամ թանգարանների նմուշները․ իսկ ցուցասրահում այլ բան է, թանգարաններում էլ մեռյալ արվեստը։ Ամերիկայում ես տեսա արվեստի կենդանությունը։
Իսկ Հայաստան վերադառնալու պահը։ Վերադարձի որոշում կամ պահ կա՞։
Նորից կարող եմ կապել Հայաստանի հետ ունեցած հարաբերության հետ․ հարաբերվում եմ հենց այդ գնալ գալով։ Ես գնացել եմ Սովետական Հայաստանից, չեմ ընդունել բոլշևիկյան համակարգը և հիմա էլ եմ դեմ դրան։ Ես սոցիալիստ չեմ։ Գիտեմ, որ սոցիալիստական գաղափարները շատ լավ ուտոպիաներ են, բայց այլասեռում են մարդուն։ Այնպես որ գնալս քաղաքական առումով արդարացում ուներ։ Դրանից հետո Հայաստանն անկախացավ, և 1991թ․-ից 36 անգամ գնացել և վերադարձել եմ։ Մի՜ ամբողջ կյանք կտրել-անցել եմ օվկիանոսը ու հետ եմ եկել։ Հիմա էլ նույն վիճակն է․ բան չի փոխվել։
Իշխանության մասին, եթե խոսենք․․․
Արվեստագետը միշտ պետք է նեգատիվ վերաբերվի իշխանությանը, որովհետև իշխանությունը բռնության ձև է։ Հասականալի է, որ իշխանություն պետք է լինի, քանի որ ժողովուրդն առանց կառավարման «չի կարող» համակարգված ապրել, հասկանալի է, որ նման ուտոպիաներն անհրաժեշտություն են, առանց որոնց կյանքն անհնար կթվա։
Իշխանությունը կարող է լինել օրինական՝ մարդու շահերից բխող, և իշխանությունը կարող է լինել հենց միայն իշխանության համար։ Դժբախտաբար մեզ մոտ երկրորդն է՝ ինքնանպատակ մի բան։ Ինչու՞ է այդպես, որովհետև ժողովուրդը ձևակերպում է իշխանությունն այնպիսին, ինչպիսին ինքն է։ Հենց ընտրության պահից սկսած, եթե մեծամասնությունը գնվում է, ուրեմն չի ընդվզում, ուրեմն խնդիրները նախ պետք է իր մեջ փնտրի։
Ամբողջությամբ՝ hetq.am